Հայկական տոլմա կպատրաստեն նաեւ հնդիկները

Հուլիսի 14-ին Հայաստանում 1-ին անգամ կանցկացվի տոլմայի փառատոն: Այսօր հրավիրած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ այն ամենամյա բնույթ է կրելու:
Փառատոնը իրականացվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ` նպատակ ունենալով օտարերկրյա կինոգործիչներին ներկայացնել հայկական տոլման:

Հայ խոհարարների ավանդույթների տարածման ու պահպանման ՀԿ-ի քարտուղար Վահե Աթանեսյանը նշեց, որ անցկացրել են այլ կերակրատեսակների փառատոններ եւս: «Այս տարի 3-րդ տարին Ախթալայում խորովածի փառատոն անցկացրեցինք: Ամեն տարի նշում ենք Տեառնընդառաջը: Հաջորդ տարի կավելանա եւս մեկ հայկական ծես եւ մեկ փառատոն: Ամեն տարի ինչ-որ մի բան պետք է ավելանա, բայց` եղածները պահելու պարտադիր պայմանով»:

Տոլմայի փառատոնին ժյուրիի պատվավոր անդամների թվում լինելու են նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերը: Հաղթողները պարգեսւատրվելու են պատվոգրերով եւ մրցանակներով: Տոլմայի փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Տոլման հայկական կերակրատեսակ է, թեեւ հարեւան Թուրքիան հակառակն է պնդում», - նշեց Հայ խոհարարների ավանդույթների տարածման ու պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը` պնդելով, թե բառն առաջացել է խաղողի վազի անվանումից, որը հին ուրարտերենով տոլի է կոչվել եւ կապ չունի թուրքերեն դոլմա անվանման հետ. - «Մենք անում ենք մեր աշխատանքը եւ անելու ենք: Բացատրելու ենք, թե ինչից է ծագել բառ, ինչպես է պատրաստվել եւ ինչ ծագում ունի»:

Տոլմայի տեսակները շատ են, եւ մասնակիցները չգիտեն, թե ինչ բաղադրատոմսերով են այն պատրաստելու մրցակիցները: Բացի մսային բաղադրությամբ տոլմաներից, ներկայացվելու է նաեւ տեսականի բուսական բաղադրությամբ. - «Ներկայացնելու են Արտամետի տոլմա` Արտամետի խնձորով, տոլմա դդումի չբեղմնավորված ծաղիկի մեջ, տոլմա բլղուրով` ծեծված գառան մսի մեջ եւ այլն»:

Փառատոնը անցկացվելու է մրցութային ձեւով: Մրցույթային կմասնակցեն նաեւ անհատներ: Հրավիրված են նաեւ մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Հնդկաստանից եւ Վրաստանից:

Your browser doesn’t support HTML5

Հայկական տոլմա կպատրաստեն նաեւ հնդիկները