Կոալիցիան աշխատանքային խումբ է ձեւավորել ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար

«Կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ` յուրաքանչյուր կուսակցությունից, առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում», - news. am կայքէջին շաբաթ օրը ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ ՀՀԿ-ից աշխատանքային խմբում ընդգրկվել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Երկրի նախագահը նշել է, որ իշխանական երեք կուսակցությունները պատրաստն են քննարկել կարեւորագույն հարցերը, եւ այդ պատրաստակամությունը երեւում է այս աշխատանքային խմբի մեջ», - հավելեց Շարմազանովը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, թե իրենց կուսակցությունից աշխատանքային խմբում ներկայացված կլինեն ինքը եւ Վարդան Բոստանջյանը:

«Կարծում եմ, որ աշխատանքային առաջին նիստում կձեւավորվի այն օրակարգը, որի շուրջ կլինեն քննարկումները», - ընդգծեց Զոհրաբյանը:

Լրատվամիջոցներում այսօր տարածված տեղեկության համաձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունից աշխատանքյաին խմբում կլինեն կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ աշխատանքային խմբի իրենց թեկնածուների հարցը դեռեւս չի քննարկվել. - «Կուսակցությունը կքննարկի եւ կներկայացնի իր թեկնածուներին»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ աշխատանքային խմբի ձեւավորմանը Կոնգրեսը կարձագանքի ավելի ուշ:

ՀԱԿ-ը, հիշեցնենք իր պատվիրակությունը ձեւավորել է դեռ անցած ամսվա սկզբին. Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան, կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյան, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյան եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյան։

Your browser doesn’t support HTML5

Կոալիցիան աշխատանքային խումբ է ձեւավորել ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար