ԵՊՀ ռեկտոր. «Կլինեն ֆակուլտետներ, որ չեն ունենա 1-ին կուրս»

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նախորդ ամիս Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերըտրված Արամ Սիմոնյանը այսօր նշել է որ բուհում լայնամասշտաբ կրճատումներ չեն լինելու:
«Դիմորդների հետ կապված իրավիճակը լավ չի: Այսօրվա դրությամբ ԵՊՀ դիմել է 1000-ից մի փոքր ավելի դիմորդ` նախորդ տարվա 4870-ի փոխարեն: Կլինեն մասնագիտություններ, որոնք չեն ունենա 1-ին կուրս. օրինակ քիմիայի, ֆիզիկայի մի շարք մասնագիտություններ: Կլինեն 10-15 հոգանոց խմբեր ռոմանոգերմանական ֆակուլտետում: Առավել ապահովված է դիմորդներով պատմության ֆակուլտետը. միակ ֆակուլտետն է, որտեղ մրցույթ կա», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արամ Սիմոնյանը:

Այս տարի ԵՊՀ-ն իր դասախոսների համար կազմակերպելու է անգլերենի եւ համակարգչի ուսուցման դասընթացներ, որ պարտադիր են լինելու բոլորի համար:

«Դիմորդների թվի անկման հետ կապված բուհում չեն լինի կրճատումներ: Առանձին մասնագիտությունների հետ կապված կլինեն հաստիքների կրճատումներ, բայց դասախոսների զբաղվածությունը ապահովվելու է մասնագիտական սեմինարներով եւ վերապատրաստմամբ», - խոստացավ Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով, կդադարեցնեն աշխատանքը միայն 75-ն անց դասախոսները:

«Առանց դպրոցի գործերը լավ գնալու, դժվար թե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան իրենց ֆունկցիան լավ կատարել», - հայտարարեց Սիմոնյանը: Նրա համոզմամբ` միջնակարգ դպրոցների հետ բուհի համագործակցությունը լավ արդյունքի կհանգեցնի:

ԵՊՀ-ն համագործակցության պայմանագրեր է կնքել 6 ավագ դպրոցների հետ. - «Ուսուցչական կազմին ուսումնամեթոդական օգնություն կցուցաբերվի, դպրոցներին կտրամադրենք գրականություն, կլինի մասնագետների խորհրդատվություն եւ այլն»:

Բուհերում սովորող ուսանողները, ուսման 1-ին տարում սովորում են ընդհանուր զարգացման առարկաներ, որոնք իրենք արդեն անցել են դպրոցի բարձր դասարաններում: Արամ Սիմոնյանը գտնում է, որ ավագ դպրոցների եւ բուհերի միջեւ պետք է մշակվի այնպիսի ծրագիր, որ առարկաների կրկնության խնդրի առաջ չկանգնեն:

Ռեկտորը փոխանցեց, որ աշխատանքները դպրոցների հետ իրանականցնում են արդեն 2 տարի, եւ այս տարվանից փորձ է արվելու ավելացնել դպրոցների քանակը:

Your browser doesn’t support HTML5

«Կլինեն ֆակուլտետներ, որ չեն ունենա 1-ին կուրս»