Աշնանը կմեկնարկի ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը

Ըստ կառավարության հաստատած կարգի, այսուհետ ստուգվելու են հանրակրթական դպրոցում աշխատել ցանկացողների գիտելիքները, աշխատանքային կարողությունները, հմտությունները:
Արդյունքում կստուգվի հանրապետության ավելի քան 44 հազար ուսուցիչների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին:

«Յուրաքանչյուր տարի կատեստավորվի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը: Գործընթացը շարունակական է: Նրանք պետք է ատեստավորվեն 5 տարին մեկ:
Մանկավարժներից ոմանք դժգոհում են, սակայն պետք է հասկանան, որ սա միայն նրանց օգտին է», - «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում նշել էր Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը :

Ուսուցիչները գործընթացին մասնակցելուց առաջ պետք է վերապատրաստվեն:

Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի ուսմասվար, մանկավարժ Արմենուհի Վարդանյանի գնահատմամբ` ուսուցիչը մշտապես պետք է թարմացնի գիտելիքները, եւ սա լրացուցիչ զարկ է:

Մարզերի դպրոցներում աշխատողներից ոմանք նշում էին, թե նորություններին ծանոթանալու նպաստավոր պայմանները բացակայում են: Չկան բավարար չափով համակարգիչներ, ինտերնետ: Արմենուհի Վարդանյանի խոսքով, իրենց դպրոցը նման խնդիր չունի, ունեն 18 համակարգիչ եւ ինտերնետ, որոնց միջոցով էլ գտնում են անհրաժեշտ տեղեկատվությունը:

Սպիտակի թիվ 4 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը եւս կողմ է ատեստավորմանը. - «Սա հիմնականում օգուտ կտա ինքնակրթությամբ չզբաղվողներին»:

Ուսուցիչներն իրենց ցանկությամբ կարող են դիմել եւ ստանալ որակավորման տարակարգեր՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ։
Տարակարգ ստացած մանկավարժները հավելավճար կստանան:

Your browser doesn’t support HTML5

Աշնանը կմեկնարկի ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը