Հուլիսի 8-ի մամուլ

«Երկիր»-ը գրում է. - «Ակնհայտ է, որ Կազանից հետո բանակցող կողմերը մտել են սպասողական շրջափուլ, որտեղ իրական սպասելիքներն արդեն ոչ թե իրենցից են, այլ միջնորդներից: Թվում է, թե կողմերը սպառել են ինքնակամ առաջ շարժվելու ռեսուրսը, սակայն, մյուս կողմից էլ` չեն ցանկանում իրենց ուսերին վերցնել ետ վերադառնալու պատասխանատվությունը: Այս սպասողականության ֆոնին ընդգծվում է Ռուսաստանի աննախադեպ շտապողականությունն ու նյարդայնությունը` հակամարտության կարգավորման գործընթացում անպայման առարկայական արդյունք արձանագրելու հարցում: Ոչ պաշտոնական խողովակներով Մոսկվան իր խորը հիասթափությունն է հայտնում Կազանում առաջընթաց չարձանագրելու համար: Հետո հայտարարվեց, թե ՌԴ նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներին փաստացի վերջնագիր է ներկայացրել` պատրաստակամություն հայտնելով հաջորդ եռակողմ հանդիպումը կազմակերպել բացառապես այն դեպքում, երբ կողմերը կերաշխավորեն, որ ստորագրելու են շրջանակային փաստաթուղթը: Մոսկվայի նման տենդագին վերաբերմունքն առաջին հերթին պայմանավորված է Կազանի անպտուղ հանդիպման նկատմամբ Արեւմուտքի դրսեւորած վերաբերմունքով»:

«Երեւի թե որեւէ երկիր չէր կարող իր քարոզչական գերհզոր հնարավորություններով հանդերձ վարկաբեկել Ռուսաստանը Հայաստանի հասարակության աչքին, որքան դա արեցին հենց Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ», - գրում է «Ժամանակ»-ի վերլուծաբանը` շարունակելով. - «Անկախությունից հետո Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը կարծես թե կառուցված լիներ հատուկ վարկաբեկվելու տրամաբանությամբ, եւ տարեցտարի այդ իրավիճակը էլ ավելի խորացավ, իսկ վերջին տարիներին ընդհանրապես վերածվեց կատարյալ խայտառակության: Ներկայումս միգուցե Հայաստանում կրկին ամենավստահելին համարվում է Ռուսաստանը, բայց դա արդեն հարաբերական առավելություն է, որն անշեղորեն գնում է դեպի նվազման, հատկապես երիտասարդ սերնդի մոտ: Մենք այսօր ունենք հայ-ռուսական մի հարաբերություն, որն ըստ էության չի համապատասխանում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների եւ պետությունների շահերին ու բավարարում է ընդամենը էլիտաների փառասիրությունը եւ նեղ իշխանական շահը»:

«Առավոտ»-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասում է. - «Մեր ընտրապայքարի իմաստը, էությունը պայմանավորված չէ մեր քվեների չափով: Ընտրապայքարը մեզ համար միջոց է մեր գաղափարները տարածելու, ժողովրդին կազմակերպելու ու քաղաքականացնելու, մեր ծրագրերի շուրջ համախմբելու: Եվ այդ առումով մեզ համար դա երկարատեւ պայքարի միջոց է ու հնարավորություն»: Լրագրողը հարցնում է. - «2012-ի ընտրություններին Դաշնակցությունը մասնակցելու է առանձի՞ն, թե՞ փորձ է արվելու ձեւավորել դաշինք, մի նոր բեւեռ»: Մարգարյանը պատասխանում է. - «Մենք տեսականորեն ոչ մի դուռ չենք փակում: Մենք նախ հավատացած ենք, որ համենայնդեպս` անհրաժեշտ է, որ ձեւավորվի մի բեւեռ: Դա անպայման կազմակերպական բնույթի առումով չենք ասում` միացյալ ցանկ ձեւավորելու իմաստով եւ այլն: Սա ասում ենք այն առումով, թե ինչպես պետք է տեղի ունենան ընտրությունները, ինչպես պետք է վերաբերվենք ժողովրդին, ընտրությունների փիլիսոփայությանը, բարոյական մի նորմի ձեւավորմանը, որ, դարձյալ եմ ընդգծում` մարդիկ քվեարկեն համոզմունքով, այլ ոչ թե ընտրակաշառքով կամ վախով: Այս հարցի շուրջ անհրաժեշտ է ձեւավորել բեւեռ: Դրա կողմնակիցն ենք»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ իսկապես էլ հեռակա երկխոսություն է ընթանում, բայց` շատ տարօրինակ երկխոսություն: Օրինակ` Կոնգրեսը ասում է. «Հայաստանի տնտեսական վիճակն աղետալի է, կյանքն անտանելի է դառնում, երկիրը դատարկվում է, Հայաստանը կանգնած է տնտեսական աղետի առաջ, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել, եւ այդ քայլերը մենք գիտենք: Դուք ի՞նչ եք անում»: Պատասխան. «Այո, վերոհիշյալ հիմնախնդիրներն իսկապես գոյություն ունեն, մեզ նույնպես սաստիկ մտահոգում է արտագաղթը, արտաքին գնաճային ճնշումները թույլ չեն տալիս կայունացնել իրավիճակը, բայց մենք փորձում ենք ինչ-որ բան անել: Առայժմ չի ստացվում, բայց ոչինչ, մեկ էլ տեսար` ստացվեց»… Այս հեռակա երկխոսության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ մի քանի այլ մանր-մունր կուսակցություններ անընդհատ կողքից աղմկում են, թե, «չեղավ, չեղավ, բա մե՞նք»:

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Ես հասկանում եմ, որ ՀԱԿ-ը խանդով է վերաբերվում յուրաքանչյուր ուժի, որը փորձում է դաշտի մի մասը զբաղեցնել, բայց մեծ առումով, երբ անտեսված ես չորս կողմից, այդ ամենը դառնում է երկրորդական։ Անտեսելով մեզ` իշխանություններն իրենք են դրդում մեզ վճռական քայլերի։ Եթե միանանք ՀԱԿ-ին, որը իշխանությունը դեռ բացառում է` տեսնելով մեր բացասական վերաբերմունքը ՀԱԿ-ի նկատմամբ, դա կլինի ի վնաս իշխանության։ Եթե այսպես շարունակվի, մենք կգտնենք արդյունավետ ձեւաչափեր։ Հակառակ դեպքում նորից կմնանք խաղադաշտից դուրս, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Թո՛ղ մտածի իշխանությունը` մենք մտածելու բան չունենք, որովհետեւ անտեսված ենք բոլոր կողմերից»:

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 8-ի մամուլ