Հայաստանը ձգտելու է իր Զինված ուժերին հաղորդել «խելացի ուժերի» հատկանիշներ

Պաշտպանության նախարարությունում հինգշաբթի օրը տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը:
Նիստին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջազգային փորձագետներ:

Շուրջ երկուեւկես տարի տեւած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ավարտել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ: Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա Հայաստանի ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, Զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաեւ Զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

Նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է. - «Ռազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման եւ բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապը»:

«Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի առանձին փուլերի ընթացքում ի հայտ բերվեցին Հայաստանին սպառնացող արտաքին եւ ներքին սպառնալիքները, որոնք բազմազան էին, սկսած հարեւան պետության կողմից լայնածավալ պատերազմից, հարեւան երկրներում հակամարտություններից եւ վերջացրած տեխնածին աղետներով եւ ժողովրդագրական ցուցանիշների անկումով: Այնուհետեւ կատարվեց այդ սպառնալիքների վերլուծություն` Հայաստանի վրա դրանց ազդեցության չափի, սպառնալիքի իրականացման հավանականության եւ դրան հակազդելու մեր ունակության առումներով: Մշակվեցին նաեւ սպառնալիքների իրականացման դեպքում զարգացման հավանական սցենարները եւ ռազմավարական պլանավորման նկատառումները», - ասել է նախարարը:

«Կարող ենք արձանագրել, որ պաշտպանության ռազմավարական վերանայման ժամանակ իրականացվեցին դիտարկման եւ կողմնորոշման աշխատանքները: Այժմ անցել ենք ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման փուլին, որը ենթադրում է Նախագահի հաստատած ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկով սահմանված փաստաթղթերի, այդ թվում` Զինված ուժերի զարգացման պլանի կատարում», - ասել է պաշտպանության նախարարը:

Զինված ուժերի զարգացման պլանը, ըստ նրա, նպատակաուղղված է Հայաստանի Զինված ուժերի երկարաժամկետ եւ կայուն զարգացման ապահովմանը, որն իրականացվելու է հուսալի պաշտպանական կարողության ստեղծման, օպտիմալացման, վերակառուցման, արդիականացման եւ ռազմական ներգրավման միջոցով:

«Այդ նպատակով Զինված ուժերի պատրաստականության մակարդակը, կառուցվածքը, սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան համապատասխանեցնելու ենք առկա խնդիրներին, շեշտը դնելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշներին հասնելու վրա եւ ձգտելով Զինված ուժերին հաղորդել «խելացի ուժերի» հատկանիշներ», - նշել է Սեյրան Օհանյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: