ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքում «պետք է լուծվի մեկ հարց` արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, կասկածի ենթակա չէ, որ առաջիկայում լինելու են «բուռն զարգացումներ»: Նման հայտարարություն Զուրաբյանն արեց այսօր` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Արտահերթ ընտրությունների անցկացումը, ըստ էության, հանդիսանում է իշխանություններին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հիմնական պահանջը:

Մյուս կողմից, վերջերս ԵԽԽՎ-ում պատասխանելով ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում:

Երեկ Հայ ազգային կոնգրեսում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ժամանակ ամփոփվել են ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ կարծիքները:

Հարցին, թե ի՞նչ հայտարարի է եկել Կոնգրեսը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Այսօր կայանալու է մեր հանրահավաքը, որում այդ հարցերին կտրվի պատասխան: Մենք որոշում ունենք, որ մեր պատասխանը, որը, կարելի է ասել, ունի բոլոր կուսակցությունների աջակցությունը, այսօր կհնչեցվի մեր հանրահավաքում», - ասաց նա:

«Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը ավարտվել է, կամ օրակարգը կարող է փոխվել»,- հարցրին` ՀԱԿ-ի համակարգողը պատասխանեց. - «Ոչ, ես այդպես չէի եզրակացնի: Եթե Սերժ Սարգսյանը այսօր չի պատրաստվում արտահերթ ընտրությունների, իրեն ոչինչ չի խանգարում որոշ ժամանակ անց սկսել պատրաստվել արտահերթ ընտրությունների»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով, Հայաստանում վիճակը օրհասական է, պետությունը տապալվել է բոլոր ուղղություններով` սոցիալ-տնտեսական զարգացման, ռազմա-ստրատեգիական բալանսի պահպանման, արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

«Հայաստանը ժամանակ չունի եւս մի քանի ամիս սպասելու մինչեւ հերթական ընտրություններ», - ասաց Զուրաբյանը եւ եզրակացրեց. - «Ուստի, այսօր պետք է լուծվի մեկ հարց` Հայաստանում արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը, եւ այդ հարցը պետք է լուծվի կա՛մ երկխոսության միջոցով, կա՛մ ժողովրդի ընդվզման միջոցով»:

Հարցին, թե իր կանխատեսմամբ` առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանի քաղաքական կյանքում, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Որ լինելու են բուռն զարգացումներ` կասկածի ենթակա չէ, որովհետեւ ժողովուրդը չի կարող հանդուրժել այս վիճակը, բայց նաեւ պետք է հասկանանք` ինչքան շուտ արձագանքի ժողովուրդը, ինչքան շատ լինի նրա մասնակցությունը մեր հանրահավաքներին, այնքան ավելի շուտ այդ խնդիրները ենթակա են լուծման»:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքում «պետք է լուծվի մեկ հարց»