Վարչապետը Արման Սահակյանին ներկայացրել է Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) աշխատակազմին է ներկայացնում Արման Սահակյանին (աջից)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հրամանով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նոր պետ է նշանակվել Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, ով եւս Հանրապետական պատգամավոր էր:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարվել օրենսդրական գործունեությունից, Պետգույքի կառավարման նորանշանակ պետը ասաց. - «Որոշումն իմը չէ: Որոշումը Հանրապետական կուսակցության որոշումն է, իսկ մեզ մոտ այդ ավանդույթը կա` եթե կուսակցությունը որոշում է, այն հարկավոր է կատարել»:

Վարչապետն այսօր Արման Սահակյանին ներկայացրեց Պետգույքի կառավարման աշխատակազմին:

«Արման Սահակյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եւ դա այն գրավականն էր, որը հուսադրում է, որ նա այս աշխատանքը արդյունավետ կկարողանա կազմակերպել եւ իրականացնել», - նշեց Տիգրան Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը Արման Սահակյանին հնարավորություն կտա միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը:

Միեւնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին` անցած տարիներին իրականացրած աշխատանքի համար:

«Մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի վրա, եւ մենք կարողացանք համատեղ ջանքերով բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի դիմումը աշխատանքից ազատվելու կապակցությամբ», - նշեց վարչապետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ որոշեց աշխատանքից ազատվելու դիմում գրել, Կարինե Կիրակոսյանը պատասխանեց. - «Երկար ժամանակ աշխատեցի, հանգստանալ եմ ուզում, ստեղծագործական աշխատանքով զբաղվել` ես տնտեսագիտական գրականություն եմ թարգմանում անգլերենից եւ ռուսերենից»:

Կարծիք կա, որ եթե Արման Սահակյանը չլիներ Գալուստ Սահակյանի որդին, հազիվ թե նման պաշտոնի նշանակվեր: Բացի այդ, նրա մյուս եղբայրը` Տիգրան Սահակյանը, առողջապահության փոխնախարար է:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Արման Սահակյանը բավականին լուրջ կյանքի ճանապարհ է անցել, բազմազավակ ընտանիքի հայր է, եւ ունի աշխատանքային եւ քաղաքական ճանապարհ: Իր առաջխաղացումը տեղի է ունեցել շատ համաչափ: Փորձում են ոչ թե իրականությունը ներկայացնել, այլ մտածում են, որ Գալուստ Սահակյանը քաղաքական դաշտում է, որ իր որդիներին կարողանա ինչ-որ մի բանի հասցնել… ես հպարտանում եմ, որ իմ որդիները իրենց մոտեցումներով, իրենց դաստիարակությամբ կարողանում են տնօրինել իրենց ճակատագիրը եւ հպարտ եմ, որ մասնակցում են մեր պետականաշինարարությանը»:

Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջի համաձայն, Արման Սահակյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել «Հրազդան» մարզահամալիրում, ընդհուպ մինչեւ «Հրազդան» մարզաթատերական համալիրի փոխտնօրեն, եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Արդինի» ստուդիայի տնօրեն, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, ապա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ, եւ վերջապես` աշխատել է որպես Երեւանի քաղաքապետի տեղակալ:

Ինչ վերաբերում է Արման Սահակյանի անցած քաղաքական ուղուն, ապա, դարձյալ ըստ ՀՀԿ-ի կայքէջի, Սահակյանը կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է ինչպես նաեւ ՀՀԿ-ի խորհրդի անդամ:

Your browser doesn’t support HTML5

Վարչապետը Արման Սահակյանին ներկայացրել է Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին