Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, որտեղ ելույթ է ունեցել եւ պատասխանել Վեհաժողովի պատվիրակների հարցերին:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթի ամբողջական տեքստը, որը տրամադրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:


***

Պարո՛ն Նախագահ,

Պարո՛ն Գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունեցող այս կազմակերպության` Եվրոպայի խորհրդի հեղինակավոր ամբիոնից եվրոպական լսարանին խոսք հղելու հնարավորության համար:

Քսան տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով ինքնիշխան պետությունների հանրությանը: Տասը տարի անց, 2001 թվականին, Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին: Եվ այսօր ես այստեղ հիշատակում եմ այդ նշանակալի հոբելյանները՝ վերջին երկու տասնամյակներում մեր ժողովրդի ու պետության նվաճումների համար հպարտության զգացումով:

Իմ ժողովուրդն անցել է ամենատարբեր բռնապետական համակարգերի միջով եւ հենց այդ պատճառով լավ գիտի ազատության գինը: Իմ ժողովրդի պատմությունը արարման ու պայքարի պատմություն է: Ազատություն եւ խաղաղություն՝ ահա դարերի մեր երազանքը, եւ մենք գնում ենք մեր երազանքի իրականացման ճանապարհով:

Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական եւ անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլեւ լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական եւ ապօրինի շրջափակումը մեր երկու հարեւանների կողմից): Բայց բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր հասարակությունը գիտի, թե ուր է գնում եւ ինչու է ընտրել զարգացման հատկապես այդ ուղին: Մենք վերադառնում ենք եվրոպական քաղաքակրթական-մշակութային տարածք, որտեղ եղել ենք դարեր շարունակ` ակունքներից սկսած:

Այո՛, Եվրոպայի խորհուրդը մեր ընդհանուր արժեհամակարգի ինստիտուցիոնալ մարմնացումն է: Իր առաքելությամբ այն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ փաստացիորեն սահմանելով Եվրոպան ոչ թե որպես սոսկ աշխարհագրական եզրույթ, այլ առաջին հերթին` որպես ընդհանուր արժեքների ու ինքնության մշակութային-քաղաքակրթական տարածք:

Ժամանակին իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել այդ արժեքներն ու գաղափարները դավանելու համար. արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին պատմական այդ պահին այդ տարածաշրջանում, ուստի եւ լռեցվեցին ամենաբիրտ եւ սահմռկեցուցիչ եղանակով: Եվրոպայի խորհուրդը գալիս է հաստատելու նաեւ եվրոպական մայրցամաքում այլեւս երբեք նման զարգացումներ թույլ չտալու պատգամը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել եւ մնում է առանցքային գործընկեր Հայաստանի պետականաշինության եւ ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանում ոմանք նույնիսկ կատակում են, թե մեր երկրում առկա է քաղաքական համակարգի երեք տարր՝ իշխանություն, ընդդիմություն եւ Եվրոպայի խորհուրդ: Այս կատակը, սակայն, իրականում արտացոլում է այն մեծ ներգրավվածությունը, որն ունի Եվրոպայի խորհուրդը մեր երկրում իրականացվող փոփոխությունների գործընթացում:

Հարգելի՛ գործընկերներ,

2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի եւ գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ Ֆիշերին, ինչպես նաեւ հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ եւ հետեւողական ներգրավվածության համար:

Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը:

Մենք սովորում ենք:

Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:

Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:

Մենք հանդուժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում:

Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:

Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:

Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:

Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:

Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այո՛, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացրել է ժողովրդավարության լայնամասշտաբ շինարարություն: Անկախության ձեռքբերումից ի վեր, եւ հատկապես 2005 թվականին Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո, զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, իրավական պետության հետագա կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար եւ ազատական աշխարհի կանոններին: Այս գործընթացում մեզ համար խիստ կարեւոր են եղել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ տարբեր կառույցների, վերջին շրջանում նաեւ Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվական, ինստիտուցիոնալ եւ ռեսուրսային աջակցությունը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերպետական այդ եզակի ու կարեւոր հաստատության դրական ազդեցությունն այսօր ուղղակիորեն զգացվում է մեր երկրում:

2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը: Կարեւոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա` ելնելով հավաքների ազատության եւ ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի օրինական գործողությունները:

Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաեւ կոռուպցիոն ռիսկերի եւ բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված: Ստեղծվել եւ արդյունավետորեն գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդ ու Հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողով: Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը: Լուրջ աշխատանքներ են իրականացվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե օրենքը կատարելագործելու ուղղությամբ: Ընդունվեց զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ինչը նշանակալի քայլ էր խոսքի ազատության ասպարեզում:

Մեր թիմը, Եվրամիության խորհրդատուների ակտիվ ներգրավմամբ, աշխատում է առաջիկա երեք տարիների համար լայնածավալ բարեփոխումների խթանման ռազմավարության ծրագրավորման ուղղությամբ, ինչը մեկ ընդհանուր դաշտ կբերի եւ կներդաշնակեցնի ամենատարբեր ուղղություններով ընթացող փոփոխությունների գործընթացը:

Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում եւ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների, որոնք գուցե եւ պակաս ցավոտ չլինեն, քան մինչ օրս էին:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեր երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը եւ խթանող ուժը Հայաստանի ժողովուրդն է: Ես իրավամբ հպարտանում եմ Հայաստանի հանրության հասունությամբ եւ հավասարակշռված պահվածքով, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների սկզբունքային մոտեցումներով: Դրանք ժողովրդավարության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանման եւ հարատեւության գործում բազմակողմանիություն եւ արագություն են ապահովում: Այսօր հենց այդ բազմակարծության պայմաններում ենք մենք կառուցում եւ զարգացնում մեր հաստատություններն ու ժողովրդավարությունը:

Ակնհայտ է, որ այդ ճանապարհին առաջին կարեւոր հանգրվանն է լինելու գալիք տարվա գարունը, երբ Հայաստանում տեղի կունենան խորհրդարանի հերթական ընտրությունները:

Հայաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետության իշխանություն, միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում:

Միեւնույն ժամանակ, ազատ եւ արդար ընտրություններ ապահովելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նաեւ, որ դրանք հենց այդպիսին ընկալվեն հասարակության կողմից: Այս տեսանկյունից պետք է միանշանակորեն առանձնացնել նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը: Նշեմ, որ նոր ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր նախկին զեկույցները, եւ մենք հավատում ենք, որ այն թույլ կտա ոչ միայն անցկացնել իրապես լավ ընտրություններ, այլեւ կերաշխավորի հանրության կողմից ընտրությունների արդյունքների լիարժեք ընդունումը:

Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետեւողական աջակցության եւ խորհրդատվության համար:

Կարեւորագույն այդ ուղղությամբ համագործակցելու ենք նաեւ մեր երկրի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ հաստատությունների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները եւ ստեղծել ընտրությունների ներքին եւ միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարեւորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում եւ ամրապնդեն մեր ձեռքբերումները:

Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ: Չենք փնտրում նաեւ քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը: Ավելին, մենք չենք փորձում պատսպարվել այսպես կոչված «օբյեկտիվ» սահմանափակումների հետեւում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարեւաններ: Համոզված եմ, այնուամենայնիվ, որ վերջին հաշվով այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես մնայուն է: Միեւնույն ժամանակ, ակնկալում ենք, որ թե՛ Խորհուրդը, թե՛ Վեհաժողովը ցուցաբերեն համարժեք քաղաքական արժանահավատություն եւ օգտագործեն արդար ու համահավասար կանոններ անդամ-երկրներին գնահատելիս:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեզ համար ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսեւորած ջանքերի համար: Շատ կարեւոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում:
Կարեւորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը եւ պետք է տա այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, հանդուրժողականության արմատավորումն է: Այս տեսանկյունից մենք ցավով եւ անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի եւ անհանդուրժողականության օջախներ:

Ընդամենը վերջերս` Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը:

Բայց սա մեզ նաեւ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝

  • Ադրբեջանը մեր անմիջական հարեւանն է,
  • քանի որ մեր անմիջական հարեւանությամբ է դեռեւս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը,
  • քանի որ մենք կարեւորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը:

Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որեւէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն եւ կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ:

Անգամ այս պայմաններում մենք, կարեւորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք եւ կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսեւորումները Ադրբեջանում, եւ ձեւավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը:

Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Եվրոպայի խորհրդից.

  • Առաջին հերթին չվնասել գործընթացը: Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձեւավորվող երկարաժամկետ լուծումներից:
Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների ճնշող մեծամասնությունը, երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որեւէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից եւ բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաեւ պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետեւաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ:

  • Իսկ հնարավո՞ր է օգնել:

Իհա՛րկե հնարավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն եւ այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որեւէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռեւս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը:

Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարեւոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաեւ Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգեւորիչ եւ մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:

Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության եւ անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը:

Կարեւոր եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի եւ պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլեւ իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, եւ այդ նպատակով այսուհետ եւս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաեւ մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ավարտել խոսքս` վերահաստատելով իմ խոր հավատը ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպայի ապագայի հանդեպ: Եթե Եվրոպան գաղափար է, եթե Եվրոպան ընդհանուր արժեքային տարածք է, ապա դա այդպես է ողջ Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալ եւ անդին, առանց խմբային բաժանումների կամ մասնատման: Եվրոպան չի կարող եւ չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, անկախ նրանից՝ դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ: Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի եւ Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջեւ մեր պատասխանատվությունը: