«Նորաշեն 2007»-ի գործով ձերբակալվել է «Էսկո» կոնցեռնի նախագահը

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով երեկ ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ընկերության հիմնադիր-նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

Հայաստանի հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Աղաբեկյանը ձերբակալվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով»:

«Նորաշեն 2007» կոոպերատիվը սկսել էր Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշ 14/3 շենքի շինարարությունը, իսկ որոշ ժամանակ անց պարզվել էր, որ այս շենքում նույն բնակարանը միեւնույն ժամանակ մի քանի մարդկանց է վաճառվել կամ խոստացվել: Կոոպերատիվի այն անդամները, որոնցից շատերը վաճառել են նախկին բնակարանները կամ փոխանակել նորը ձեռք բերելու հույսով, այժմ անտուն են:

Շենքի բնակարանների մեծ մասի սեփականության վկայականները այժմ «Էսկո» կոնցեռնի նախագահին են պատկանում: Աղաբեկյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրավիճակը ստեղծվել է կոոպերատիվի նախագահի պատճառով, իսկ ինքը բնակարանները ինքը գնել է Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Վերջերս կիսակառույց շենքի բնակիչները ցույց էին անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց: Նրանց ընդունել էր նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով խոստացել էր աջակցել բնակիչներին եւ հետեւել գործի օբյեկտիվ ընթացքին: