Հունիսի 9-ի մամուլ

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Կասկած չկա, որ իշխանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությանը գնալու է ոչ միայն իր` այսպես ասած ՀՀԿ ցուցակով, այլ նաեւ հարակից, «ուղեկցող» կամ «սպասարկող» ցուցակներով: Թե ինչպիսին կլինեն դրանք` ներկայումս դժվար է միարժեք ասել, բայց երեւի թե կասկած չկա, որ կլինեն: Բանն այն է, որ ներկայումս իշխանությունը, իսկ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանը, հայտնվել է որոշակիորեն աննախադեպ իրավիճակում: Նա, մի կողմից, փորձում է հասարակությանը ցույց տալ, թե իբր փոխվել է, սկսել է իր գործողությունների հիմք համարել քաղաքացու շահը, համարել, որ մարդն է ամեն ինչից վեր, որ ուժեղ քաղաքացին է ուժեղ պետության երաշխիքը, որ պետությունը հիմնվում է գիտելիքի եւ ինտելեկտի բազայով օժտված մասնագետների եւ գործիչների վրա: Մյուս կողմից` իշխանությունը խնդիր ունի, այսպես ասած, «չխրտնեցնել» իր այն հսկայական, կարելի է նույնիսկ ասել` հիմնական մասին, որը «քաղաքացի» հասկացության, գիտելիքի եւ ինտելեկտի հետ ոչ միայն կապ չունի, այլ այդ ամենի մեջ տեսնում է իր համար կենսական վտանգ, գոյաբանական սպառնալիք, մարտահրավեր»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ ՀՀԿ-ականները հայտարարություններ են անում ընդդիմություն - իշխանություն բանակցությունների մասին: Յուրաքանչյուրն իր ինտելեկտի չափով կրկնում է վերեւից իջեցված հրահանգը, թե բանակցությունները անընդունելի են մի երկրի ներսում, թե իրենք ոչ մի պատվիրակություն էլ չեն կազմի, թե «երկխոսում են» բոլոր քաղաքական ուժերի հետ: Հիշեցնենք, որ նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին ընդդիմության առաջարկները խորհրդարանում ներկայացնելու եւ դրանք այնտեղ պաշտպանելու մասին: Հետո, սակայն, հնչերանգը մի քիչ փոխվեց: Ասում են` պատվիրակություն չենք կազմի: Հետաքրքիր է` ինչո՞ւ: Գուցե արժանի ներկայացուցիչնե՞ր չունեն: Նպատակն էլ մեկն է` ժամանակ ձգել: Ժամանակն էլ կարող են ձգել ղարաբաղյան շանտաժով, զանազան խռոված գործիչներից նոր կուսակցություններ կազմելով, տարբեր տրամաչափի վերլուծաբանների ելույթներով, մանր ու մեծ հաճախորդների խառնակչություններով»:

Այս հարցերը «Հայոց Աշխարհ»-ի համար մեկնաբանել է պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ). - «Արտահերթ ընտրությունների մասին շատ է խոսվել, բազմիցս ասվել է, որ արտահերթ ընտրությունների քաղաքական նախադրյալներ Հայաստանում չկան։ Նաեւ արդարադատության նախարարն անդրադարձավ հարցի իրավական կողմին, արձանագրելով, որ իրավական դաշտում այդ խնդիրը լուծում չունի։
Հարց է ծագում. ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, եւ, ի վերջո, ինչպե՞ս ենք պատկերացնում սահմանադրությամբ ամրագրված իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, եթե ինքներս առաջ ենք քաշում մի մոտեցում, գաղափար, առաջարկություն եւ հայտարարում, որ այդ գաղափարն այլընտրանք չունի` սա միակ լուծումն է, եւ աշխարհն էլ շուռ գա` կես միլիմետր անգամ չենք շեղվելու դրանից։ Այս իրարամերժ հայտարարությունները, հակասական գործելաոճը վկայում է, որ մարդիկ մի բան են ասում, գործով` բոլորովին այլ բան անում»։

«Առավոտ»-ի թղթակիցը ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը հրավիրված ասուլիսի մի հատված, որը մինչ այդ չէր հրապարակվել: Լրագրողը այն ժամանակ հարցնում էր. - «Անցած օրերին շատ գործիչներ ու կազմակերպություններ էին իբրեւ միջնորդ իրենց ծառայություններն առաջարկում` կանխելու առճակատումը, նաեւ բանակցությունների օրակարգ էին առաջարկում: Կատարվածից հետո Դուք այլեւս սպառվա՞ծ եք համարում երկխոսության հնարավորությունը»: Լեւոն Տեր-Պետրոսյան. - «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատից արդեն մեկ շաբաթ է` այդպիսի շշուկներ են տարածվում նախ փողոցային մակարդակով, ամբոխի մակարդակով, որ իրենք ինձ հետ լուրջ բանակցությունների մեջ են: Նրանք նույն բանը ասել էին Եվրամիության որոշ դեսպանների, եւ այդ դեսպանները ինձ խնդրել էին հաստատել կամ հերքել այդ բանը: Եվ ես նույնիսկ մի անգամ հանրահավաքում հերքեցի, ասացի` այդպիսի բան չկա, շշուկներ կան տարբեր կողմերից, բայց ես Ռոբերտ Քոչարյանից չեմ ստացել բանակցությունների որեւէ առաջարկ: Որպես մի ակնհայտ պայման` պարզ էր, որ ցանկացած որոշման դեպքում, եթե ես գնայի բանակցությունների` դա կանեի միայն այն պայմանով, որ մինչեւ բանակցությունները ազատ արձակվեին քաղաքական բոլոր բանտարկյալները: Սա էր իմ միակ պայմանը: Մնացյալը բանակցությունների նյութ էր` մնացյալ բոլոր հարցերը: Ես չեմ կարող բանակցել մի մարդու հետ, որն այսօր ձերբակալել է իմ ընկերներին»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանին հարցնում է. - «Ենթադրենք, որ այդ 2,5-էջանոց փաստաթուղթը ստորագրվեց, արդյոք դա հիմք կհանդիսանա՞ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար»: Պատասխան. - «Ես լուրջ խնդիր եմ տեսնում մեզ համար: Այս փաստաթղթի վերաբերյալ երբեք չի խոսել Ղարաբաղը: Նրանք իրենց այդ պահվածքը հիմնավորում են այն պատճառաբանությամբ, թե իբրեւ տեղյակ չեն փաստաթղթի բովանդակությանը: Սակայն այն, որ միջնորդները վերջին շրջանում մշտապես գնում են Ստեփանակերտ, խոսում է ոչ թե գեղեցիկ բնության, այլ հենց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի վերաբերյալ: Այսինքն` ակնհայտ է, որ Ղարաբաղի իշխանությունները քաջ ծանոթ են փաստաթղթին, եւ շատ ցանկալի կլինի, որ լրատվամիջոցները ավելի ակտիվ կերպով փորձեն ստանալ Լեռնային Ղարաբաղի նախագահի դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ»:

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 9-ի մամուլ