Մարի Յովանովիչ. «Հայաստանը կմնա իմ սրտում»

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ

«Հուլիսի 4-ին դեռ մի քանի շաբաթ կա, բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին», - հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը երեքշաբթի օրը դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ:

«Անկախության տոնին ամերիկացիները միավորվում են իրենց ընտանիքների, բարեկամների, համայնքների հետ, վերհիշում մեր պատմությունը եւ վերահաստատում մեր հավատարմությունը ժողովրդավարության, ազատության ու խաղաղության հանդեպ: Ամերիկացիները, ինչպես եւ բոլոր ժողովուրդները, բարձր են գնահատում այս համընդհանուր արժեքները», - հայտարարել է Մարի Յովանովիչը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայերի ու ամերիկացիների միջեւ ամուր կապեր կան, որոնք առկա են եղել Հայաստանի անկախացումից շատ առաջ: Իսկ վերջին քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է Հայաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական աճին ու անվտանգությանը», - ասել է Մարի Յովանովիչը` հավելելով. - «Այսօրվա տոնակատարությունը խորհրդանշում է մեր շարունակական գործընկերությունը: Չկա անհասանելի նպատակ, չկա անհաղթահարելի մարտահրավեր , եթե մենք հետամուտ ենք ընդհանուր նպատակի, եթե մենք փնտրում ենք ընդհանուր եզրեր»:

«Ես շուտով մեկնում եմ Հայաստանից, բայց Հայաստանը կմնա իմ սրտում: Կուզենայի մնալ այստեղ ու երկրի շարունակական առաջընթացի ականատեսը լինեի, հատկապես առաջիկա երկու շրջադարձային տարիներին», - ասել է Յովանովիչը` շնորհավորելով Հայաստանին անկախության քսանամյա տարելիցի առիթով եւ ամենալավն ու բարին մաղթելով հայ ժողովրդին վաղվա Հայաստանը կերտելու գործում:

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի բարեկամությունը, դեսպանի խոսքերով, «հիմնված է ժողովրդավարության, ազատության եւ խաղաղության հարցում փոխադարձ օգնության եւ հարգանքի վրա»:

Երեքշաբթի օրը ամերիկյան դեսպանատանը կայացած միջոցառմամբ նշվել է Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման 235-րդ տարելիցը, ինչպես նաեւ Հայաստանում դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը:

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: