Նախարարը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իրավական ճանապարհ չի տեսնում

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեքշաբթի «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանը անդրադարձավ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություններին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շարունակում է հայտարարել, որ իր համար օրակարգային է արտահերթ ընտրությունների հարցը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրավական տեսանկյունից հնարավո՞ր է այսօր արտահերթ ընտրություններ անցկացնել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Իրավական տեսանկյունից խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլեւս գոյություն չունի: Եթե մինչեւ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները նախագահը կարող էր ցանկացած պահի միայն քաղաքական դրդապատճառներով լուծարել Ազգային ժողովը, ինչը անձնակենտրոն կամ գերկենտրոնացված քաղաքական համակարգի մասին էր խոսում էր, ապա 2005-ի փոփոխություններից հետո խորհրդարանի լուծարման հիմքերը հստակ սահմանված են սահմանադրությամբ, եւ դրանք [այժմ] գոյություն չունեն: Եթե մարդիկ մտածում են, որ հակասահմանադրական ճանապարհով պիտի հասնեն [արտահերթ ընտրություններին], նման բան հնարավոր չէ»:

Նախարարը հավաստիացնում է, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական ճանապարհ գոյություն չունի:

«Ես չեմ խոսում քաղաքական, սոցիալական, տնտեսական պատճառների մասին, որովհետեւ այս բոլոր պատճառներից հետո նոր ենք անդրադառնում իրավական հիմքերին: Այս հիմքերն էլ եմ կարծում, որ չկա, եւ այս պարագայում չկան նաեւ իրավական հիմքերը, ուստի դրանք չեն կարող լինել մեր Սահմանադրության համաձայն: Ես խորհուրդ կտայի մինչեւ պահանջ դնելը, տեսնել, թե որքանով են դրանք Սահմանադրությունից բխում», - ասաց Թովմասյանը:

Նախարարի հետ հանդիպումը վարող «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, ընդգծելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում զբաղվել է սահմանադրական բարեփոխումներով, հետաքրքրվեց, թե Սահմանադրության այն մասը, որը վերաբերում է անկախ դատարաններ ստեղծելուն, արդյո՞ք այսօր բավարար է դատարանների անկախությունը ապահովելու համար:

«Կարծում եմ, որ բավարար է: Եթե այսօր նորից փորձեի այդ մասը վերաշարադրել, որոշակի խմբագրական ինչ-որ փոփոխություններ կլինեին, բայց կոնցեպտուալ առումով նոր բան, ըստ էության, դժվար է գրել, եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա: Սահմանադրության մակարդակում դատական իշխանության անկախությունը օրենսդիր եւ գործադիր իշխանություններից, ըստ էության երաշխավորված է: Դատական իշխանության անկախությունը կամ արդարադատության էության ընկալումը յուրաքանչուր դատավորի մեջ դնելը արդեն սահմանադրության խնդիրը չէ, այստեղ ամբողջ հասարակությունը անելիք ունի»,- ասաց նախարարը:

Ներկաներից մեկը նախարարին հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ աղմկահարույց քրեական գործերի հետ առնչվող կալանավորների հետ հարցազրույց անելու լրագրողների դիմումները հիմնականում մերժվում են:

«Սա այն դեպքն է, որ յուրաքանչյուր դեպքում պիտի ասել, թե որ դեպքի մասին է խոսքը: Եթե հարցազրույցը ուզում եք անցկացնել նախաքննության փուլում գտնվող եւ նախնական կալանքի տակ գտնվող որեւէ անձի հետ, ապա բնականաբար մերժվել է, մյուս բոլոր դեպքերում պետք է կոնկրետ նայել եւ տեսնել, թե որոնք են եղել այդ մերժման հիմները», - պատասխանեց նախարարը: