Կարգալույծ քահանան ուզում է դատի տալ կաթողիկոսին

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ժնեւի հայկական եկեղեցում ծառայող Աբել քահանա Մանուկյանը, ով օրերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել, փաստաբանի միջոցով նամակ է հղել կաթողիկոսին, որով սպառնացել է դատի տալ նրան:

Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով` նամակը հղված է եղել ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, այլ նշված է եղել կաթողիկոսի աշխարհական անունը` Կտրիճ Ներսիսյանին, նպատակ ունենալով թերեւս վիրավորել նրան:

Վերջին ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, որին այդպես հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ Ժնեւի Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Աբելի հետ միասին թույլ չտվեցին իրականացնել իր պարտականությունները, անգամ եկեղեցու դռները չբացեցին նրա առաջ: Նրանք հայտարարել էին, թե իրենք շարունակելու են օգտվել Տեր Աբելի ծառայություններից: Այս ամենի արդյունքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը անհնազանդության համար նախ կախակայեց, ապա կարգալույծ արեց անհնազանդ քահանային: Աբել քահան Մանուկյանն էլ իր հերթին հայտարարել էր, թե կաթողիկոսի կողմից ոչ քահանայի կարգ ստանալն է պատիվ, ոչ էլ անպատվություն է նրա կողմից կարգալույծ լինելը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Աբել Մանուկյանը ինչո՞ւ չի հրաժարվում իր պարտականություններից, չի ենթարկվում կաթողիկոսին եւ հանդես է գալիս նման անհնազանդությամբ` Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. - «Իմ իմացած բոլոր կոնֆլիկտները մի պատճառ են ունենում. մարդիկ որոշ նյութական շահագրգռվածություն ունեն եւ չեն ուզում հրաժարվել դրանցից: Աբել քահանան իր ծառայության դիմաց ստանում է 8 հազար ֆրանկ աշխատավարձ, եւ, ըստ երեւույթին, չափազանց դժվար է հրաժարվել նման գայթակղիչ մի գումարից»:

Արշակ եպիսկոպոսի խոսքով` արդեն նախկին Աբել քահանան, այժմ Հրաչ Մանուկյանը ոչ թե վերջերս է անհնազանդ դարձել, այլ այդպիսին եղել սկսած 1994 թվականից, երբ ստանձնել է Ժնեւի հայության հոգեւոր հովիվի դերը եւ չի ենթարկվել բոլոր կաթողիկոսներին:

Շվեյցարիայի հայկական համայնքի առաջին ծուխը ստեղծվել է 1985 թվականին, հետո ձեւավորվել են այլ ծխական կառույցներ Շվեյցարիայի այլ քաղաքներում: Ըստ եկեղեցու կանոնադրության, եթե կան մի քանի ծխական համայնքներ, կարող է նաեւ թեմ ձեւավորվել: Շվեյցարիայի ծխական համայնքների ներկայացուցիչները նամակով դիմել են Վազգեն առաջին կաթողիկոսին` թեմ ձեւավորելու խնդրանքով, ով 1992 թվականին իր հատուկ կոնդակով ստեղծել էր այդ թեմը:

«Բայց Շվեյցարիայի թեմի ձեւավորումից հետո 1993 թվականին որոշ անձիք ինչ-ինչ նկատառումներից ելնելով հրաժարվել են թեմի գաղափարը ընդունելուց եւ սկսում է առաջնորդվել 1985 թվականի ծխական կանոնադրությամբ: 1994 թվականին Տեր Աբել քահանան, որ մինչ այդ պաշտոնավարում էր Կանադայում, առանց կաթողիկոսի հավանության, առանց առաջնորդի գիտության, ժամանում է Շվեյցարիայի թեմ», - ասաց Արշակ եպիսկոպոսը:

Ըստ Մայր Աթոռի դիվանապետի` վեհափառ հայրապետներն արգելել են քահանայագործությամբ զբաղվել Աբել քահանային, հորդորել են նրան չսրել հարցը, բայց ապարդյուն, նա շարունակել է հոգեւոր ծառայությունը եւ անարձագանք է թողել, ավելին` արհամարհել նրանց հորդորները:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են 18 տարի հանդուրժել այդ քահանայի անհնազանդությունը, Արշակ եպիսկոպոսը պատասխանեց, որ Վազգեն առաջինի եւ Գարեգին առաջինի հիվանդությունն է եղել պատճառը, որ չեն կարողացել լուծել այս խնդիրը:

«Իսկ Գարեգին երկրորդի ժամանակ պարբերաբար հանդիպումներ են եղել եկեղեցական վարչության անդամների հետ, որ միգուցե հնարավոր լինի խաղաղ, հանդարտ, գործակցային եղականով խնդիրը հանգուցալուծել», - ասում էր դիվանապետը:

Արշակ եպիսկոպոսը կտրականապես հերքեց այն խոսակցությունները, թե խնդիրը սրվել է այն պատճառով, որ Մայր Աթոռը ցանկանում է տնօրինել կամ վերահսկել Շվեյցարիայի Հայոց թեմի ֆինանսական հոսքերը: Նրա խոսքով` 2009 թվականին Մայր Աթոռը հաստատել է թեմական ուղենշային կանոնադրություն, ըստ որի թեմերը իրենք են վերահսկում եւ տնօրինում իրենց ֆինանսական հոսքերը:

Your browser doesn’t support HTML5

Կարգալույծ քահանան ուզում է դատի տալ կաթողիկոսին