Ռուսական կրթություն ստացող աշակերտները դժվարությամբ են գտնում ռուսերեն ուսուցմամբ ավագ դպրոցներ

Հայաստանում գործող կրթական համակարգի համաձայն` հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն ունի ուսումը շարունակել ավագ դպրոցում: Սակայն ի տարբերություն հայկական դասարանների` ռուսական դասարան ավարտող աշակերտն ավագ դպրոցի ընտրության հնարավորություն գրեթե չունի:
Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում ռուսերենով կրթություն է ստանում 327 աշակերտ` հիմնականում այլազգիներ: Անցած տարի հիմնական դպրոցը ռուսական դասարանում ավարտած շուրջ 50 աշակերտ ավագ դպրոց տեղափոխվելու խնդիր է ունեցել, քանի որ, ըստ տնօրեն Գայանե Սարուխանյանի, ռուսերենով ուսուցմամբ ավագ դպրոցներ հանրապետությունում քիչ կան:

Նույնատիպ խնդիր կա նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ, տնօրենի փոխանցմամբ, ռուսերենով սովորող 18 9-րդ դասարանցիներից, այս տարի միայն մեկն է շարունակելու ուսումն ավագ դպրոցում: Խնդրի լուծման համար աշակերտների ծնողները նամակ խնդրանքով դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն, բայց առայժմ պատասխան չեն ստացել:

Կրթության եւ գիտության նախարարության տվյալներով` ռուսերեն ուսուցմամբ գործող 36 դպրոցներից 12-ը տեղակայված են Երեւանում: Ընդհանուր առմամբ` հանրապետությունում ռուսերենով կրթություն ստացող աշակերտների թիվը շուրջ 8000 է: Հաշվի առնելով ռուսերենով ուսուցում իրականացնող դպրոցների փոքր թիվը` տնօրեններն առաջարկում են նախարարությանը թույլ տալ որպեսզի ռուսերենով կրթություն ստացող երեխան նաեւ ավագ դասարանները շարունակի նույն դպրոցում:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փոխանցեց, որ խնդիրը լուծելու համար իրենք թույլ են տվել, որպեսզի ռուսերեն ուսուցում ունեցող հիմնական դպրոցներին մոտ գտնվող ավագ դպրոցներում բացվեն նաեւ ռուսական դասարաններ: