Հայաստանում «Պեպսի Կոլայի» գործարան բացվեց

Հայաստան -- «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանի հոսքագիծը, Երեւան, 1-ը հունիսի, 2011թ.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում այսօր պաշտոնապես բացվեց «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը: Գործարանն արտադրելու է «Պեպսի» ապրանքանիշով մի շարք ապրանքատեսակներ, որոնք հիմնականում սպառվելու են Հայաստանում: Որոշ արտադրատեսակներ արտահանվելու են Վրաստան:

«Պեպսի Կոլա» ընկերության բիզնես խորհրդատու Էդգար Ղազարյանի խոսքով, այս պահին ընկերությունում աշխատում է մոտ 140 մարդ, սակայն այդ թիվը առաջիկայում հասնելու է 250-ի: Ընկերության բիզնես խորհրդատուի խոսքով, կատարվել է մոտ 22 միլիոն եվրոյի ընդհանուր ներդրում:

«Ներդրումային նախագիծը դեռեւս ամբողջությամբ ավարտված չէ, պլանավորվում է առաջիկայում տեղադրել նաեւ բնական հյութերի արտադրության հոսքագիծ», - նշեց Էդգար Ղազարյանը:

Արտադրվող բնական հյութերի մեծ մասն ընկերությունն արտահանելու է, քանի որ «Պեպսի Կոլան» տարածաշրջանում բնական հյութերի արտադրություն չունի:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության սեփականատերը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանն է:

«Տնտեսությունը գնում է առաջ»


Գործարանի բացմանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաեւ կառավարության անդամներ, այդ թվում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում Հայաստանի տնտեսության վիճակի ծանրության վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները` էկոնոմիկայի նախարարը հայտարարեց` «թվերը վկայում են այն մասին, որ տնտեսությունը ոչ միայն վերականգնվում է, այլեւ գնում է առաջ»:

Տիգրան Դավթյան
«Մենք բավականին խոստումնալից արդյունքներ ունենք արդեն այս չորս ամսվա տվյալներով, եւ եթե անցյալ տարի ունեինք համախառն ներքին արդյունքի 2.6 տոկոսի աճ, ապա այս տարի ակնկալում ենք մոտ 5 տոկոսի տնտեսական աճ», - նշեց Տիգրան Դավթյանը:

Անդրադառնալով սննդամթերքի գների աճին` նախարարն ընդգծեց, որ ինֆլյացիոն ռիսկերը կառավարության այս տարվա ամենամեծ մակրոտնտեսական մարտահրավերներն են:

«Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից ամբողջ գործիքակազմը կիրառվում է, եւ կարծում եմ մենք առաջիկայում կտեսնենք, որ ինֆլյացիոն ճնշումները փոքրանում են: Մինչեւ տարվա մեջ հույս ունենք հասնել այն ցուցանիշներին, որոնք նախանշված են այս տարվա համար», - հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: