Գյուղական 15 հոգանոց ընտանիք` տատի ղեկավարությամբ

Մարիամը` ձախից առաջինը

«Ես ունեմ տատիկ, պապիկ, երեք հայր, երեք մայր, երեք եղբայր եւ երեք քույր», - պատմում է Մարիամն ու ավելացնում, որ «իր համար տարբերություն չկա` հա՞յրն է, թե՞ հորեղբայրը, մա՞յրը, թե՞ հորեղբոր կինը»:
Տասներորդ դասարանցի Մարիամի ընտանիքը կազմված է 15 հոգուց. ընտանիքի մեծությամբ` սա միակն է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Երեք մայրերից ու հայրերից բացի, նաեւ յոթ երեխա կա, ովքեր հաճախ տարբեր թեմաներ են գտնում միմյանց հետ վիճելու համար:

Տանը երկու հեռուստացույց կա, սակայն ողջ ընտանքիով դիտում են միայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը, «Եվրատեսիլ»-ը եւ ծանրամարտի առաջնությունը:

Ֆինանսական խնդիրներ այս ընտանիքը հաճախ է ունենում, քանի որ ոչ ոք չի աշխատում. գյուղի մյուս ընտանիքների նման` զբաղվում են հողագործությամբ, բայց ստացած բերքը երբեք շուկա չի հասնում, քանի որ իրենց հազիվ է բավարարում:

Մարիամի պատմում է, որ իրենց ընտանիքի ղեկավարը ամենատարեց անդամներից մեկն է, բայց ոչ թե պապը, այլ տատը: Վերջերս Մարիամը Երեւան էր եկել մասնակցելու ընտանիքի օրվան նվիրված շարադրության հանրապետական մրցույթի, որտեղ իր ընտանիքի պատմությամբ շահեց երրորդ մրցանակը: