Պատգամավորը բողոքում է եղբորը «ապօրինի կալանքի տակ պահելու» դեմ

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է եղբոր ձերբակալության դեմ, արխիվային լուսանկար

Արդեն 20 օր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Տիգրան Փոստանջյանի կողմնակիցները երկուշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց:

Նրանք պնդում էին, որ Փոստանջյանի կալանքն ապօրինի է, քանի որ Հայաստանի Քրեական օրենսգրքում օրերս կատարված փոփոխության արդյունքում վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքը ուժը կորցրած է ճանաչվել:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 3111 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը եւ 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրություն ստանալու համար:

Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր եղբորը ցայսօր կալանքի տակ պահելն ամբողջությամբ ապօրինի է:

«3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը մայիսի 23-ին ընդունված Քրեական օրենսգրքի մեջ փոփոխությունների վերաբերյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել: Այս օրենքը ուժի մեջ է մտել մայիսի 25-ին, հետեւաբար սա հիմք է քրեական հետապնդումը դադարեցնելու համար», - ասաց Փոստանջյանը:

Ըստ ԱԺ պատգամավորի` օրենքի այս փոփոխությունից հետո պետք է Տիգրան Փոստաջնային կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին որոշում ընդունեին, ինչի առնչությամբ վերջինիս փաստաբանը հանդես է եկել դատավոր Արթուր Մկրտչյանին ուղղված համապատասխան միջնորդությամբ:

«Սակայն դատավորը մինչ այս պահը այդ միջնորդությանը չի անդրադարձել, եւ նրան ապօրինի պահում են կալանքի տակ», - ասաց Փոստանջյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Փոստանջյանի գործը գտնվում է դատարանի վարույթում, հետեւաբար օրենսգրքի փոփոխությունների մեկնաբանման եւ իրավիճակի հստակեցման հետ կապված բոլոր հարցերը կքննարկվեն դատական նիստի ժամանակ:

Դատարանի առջեւ բողոքի ցույց անողները այսօր իրենց մտահոգությունն էին արտահայտում արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի առողջական վիճակի կապակցությամբ: Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատշաճ բժշկական օգնություն եւ հսկողություն չի իրականացնում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ:

«Ցանկացած հացադուլավոր պետք է գտնվի բժշկական վերահսկողության տակ: Եթե տեղի է ունեցել համապատասխան բժշկական վերահսկողություն, ապա պետք է տրամադրվեր դրա վերաբերյալ տեղեկատվություն` գրառված բժշկական քարտի մեջ: Սակայն մեր ընտանեկան բժշկին, ով այցելել է Տիգրան Փոստանջյանին, չեն տրամադրել այդ քարտը, եւ մենք տեղեկություն չունենք, թե ինչպիսի հետազոտություններ են արել, մասնավորապես սրտանոթային խնդիրների վերաբերյալ եւ բացի այն, որ միայն բժիշկն է վերջին տեղեկությունը մեզ փոխանցել, մեր ` որպես պատգամավորների, մուտքը արգելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ», - այդ կապակցությամբ փոխանցեց Զարուհի Փոստանջյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամլո խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր անձինք, առավել եւս հացադուլ հայտարարածները գտնվում են բժիշկների մշտական հսկողության ներքո:

«Մայիսի 27-ին նախնական կալանքում գտնվող Տիգրան Փոստանջյանի հրավիրած բժիշկը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ: Բժիշկը հետազոտել է կալանավորին, որից հետո ցանկացել են ծանոթանալ բժշկական փաստաթղթերին, սակայն Մարտիրոսյանը նշել է, որ իրենք ժամանակ չունեն եւ հայտնել է, որ դրան կծանոթանան հաջորդ այցելության ժամանակ», - ասաց Բաբայանը:

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորները պնդում են, որ Տիգրան Փոստանջյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի եւ նպատակ ունի ճնշում գործադրել կուսակցության, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի վրա:

Your browser doesn’t support HTML5

Պատգամավորը բողոքում է եղբորը «ապօրինի կալանքի տակ պահելու» դեմ