Տեր-Պետրոսյան. «Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չի լինելու»

Your browser doesn’t support HTML5

Վանատուրում տոնախմբություն էին կազմակերպել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելու կապակցությամբ

«Հայաստանում այլեւս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու», - շաբաթ օրը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հրազդանի Վանատուր թաղամասում, որտեղ հրազդանցիները եկել էին ողջունելու նախօրեին համաներմամբ ազատ արձակված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին, Տեր-Պետրոսյանը իր կարճատեւ ելույթում ասաց. - «Մենք պետք է հասնենք այն բանին, թե ում մտքով էլ անցնի ինչ-որ մեկին քաղաքական հայացքների համար, քաղաքական գործունեության համար բանտ նետել, այդ մարդը պիտի անիծվի»:

Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ իրեն շուրջ երեք տարի բանտում պահել են, իր խոսքերով` «բանդայի» դեմ պայքարելու համար, բայց շարունակելու է պայքարը:

«Չենք պայքարել կամ մեր անձնականի համար, կամ ինչ-որ անհատի դեմ, այլ այս ավելի քան տասը տարվա ընթացքում ձեւավորված քրեաօլիգարխիկ ասեմ, կրիմինալ ասեմ` այս կլանի դեմ, ես ավելի ճիշտ կձեւակերպեի` այս բանդայի դեմ: Այն մարդկանց դեմ, որոնք իրենց շահի համար կարող են իրենց ժողովրդին ճնշել ու սպանել», - հայտարարեց Միքայելյանը` հավելելով. - «Ես ուրիշ հարթակի վրա չեմ կարող կանգնել, որտեղ ժողովուրդ չկա, որտեղ հավատ չկա, սահմանադրական իրավունք չկա»:

Նույնպես ուրբաթ օրը համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում առկա են արտահերթ ընտրությունների համար բոլոր նախադրյալները, եւ դրա վերաբերյալ հնչող կասկածները որակեց իշխանական քարոզչություն:

«Քանի ժամ է, որ մենք ազատության մեջ ենք, երբ հետեւում ենք հեռուստատեսային եթերին, իշխանական քարոզչությունը մի այսպիսի գիծ է տանում, որ արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան: Ես շատ անկեղծ պիտի լինեմ` երեկվանից, ինչ դուրս եմ եկել քրեակատարողական հիմնարկից, բացի արտահերթ ընտրությունների նախադրյալից ուրիշ բան չեմ տեսել: Եվ այսպիսի արտահերթ ընտրությունների նախադրյալ` էդ ո՞վ է, որ չի նկատում», - ասաց Փաշինյանը:

«Այսօր այդ նույն իշխանությունը իր սպասարկուների միջոցով տեղեկություններ է տարածում, թե ՀԱԿ-ը, ընդդիմությունը ինչ-որ գործարքի է գնում կամ ուզում է գնա: Մենք գործարքի կարիք չունենք, որովհետեւ մեր թիկունքին ժողովուրդն է, մենք թելադրում ենք պայմանները, ոչ թե գործարքի ենք գնում», - վստահեցրեց «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը:

Ինչ վերաբերում է այն հարցին` արդյո՞ք կարելի է արդեն կատարված համարել նաեւ իշխանություններին ուղղված Կոնգրեսի երրորդ պահանջը, եւ արդյո՞ք երկխոսության դուռն այլեւս ոչ թե կիսաբաց, այլ` բաց է, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործընթացը առաջիկա` մայիսի 31-ի հանրահավաքում կամփոփեն:

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց. - «Մենք կֆիքսենք, որ մեր ներկայացված երրորդ պահանջն էլ են իշխանությունները կատարել, եւ Կոնգրեսը պատրաստ կլինի երկխոսության համար»: