ՀՅԴ-ն ՀԱԿ - իշխանություն երկխոսության մեջ «տարօրինակություն է տեսնում»

ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) տարօրինակություն է տեսնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների երկխոսության մեջ:
«Դա այն է, որ համաձայնությունները ձեռք են բերվում մինչեւ երկխոսությունը», - լրագրողների հետ հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` շարունակելով. - «Ընդհանրապես համաձայնությունները ձեռք են բերվում երկխոսությունից հետո կամ դրա արդյունքում: Այստեղ մենք ակնհայտ տեսնում ենք ճիշտ հակառակ իրավիճակը. բաներ են հայտարարվում` առանց երկխոսելու, եւ դրանք կատարվում են: Նշանակում է` վաղուց ամեն ինչի մասին պայմանավորված են: Մեզ համար շատ կարեւոր է հասկանալ` ի վերջո առարկան ո՞րն է, որի շուրջ երկխոսություն պիտի տեղի ունենա»:

Հենց երկխոսության առարկան է մտահոգում Դաշնակցությանը:

«Երկխոսությունը շատ լուրջ գաղտնիքներ է պարունակում: Մեր մոտ կա շատ լուրջ մտահոգություն, որ հանկարծ այդ առարկան չլինեն նորից հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը… Որովհետեւ ամենհեշտը այդտեղ է զիջելը: Այդ իմաստով` շատ լուրջ խնդիր մենք ունենք: Մանավանդ` իմանալով առաջին նախագահի տեսակետները զիջումների վերաբերյալ», - պարզաբանեց Ռուստամյանը:

Արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուների այն հայտարարություններին, թե իշխանությունների հետ երկխոսութունը լինելու է իշխանափոխության, արտահերթ ընտրությունների ճանապարհով իշխանությունը հանձնելու շուրջ` Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նման նախադրյալներ չի տեսնում:

«Արտահերթ ընտրությունները կարող են լինել այսօր ամենաարագը նախագահական ընտրություններ` եթե պարոն Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Բայց այդպիսի ցանկություն մենք չենք տեսնում: Նախադրյալներ էլ են չկան», - փաստարկեց նա` հավելելով, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցը «ոչ թե ցանկությամբ է լուծվում, այլ Սահմանադրությամբ նախատեսված կարգով»:

«Երեք ամիս առնվազն պետք է փաստվի, որ Ազգային ժողովը չի աշխատում… Իսկ դա ե՞րբ: Այս նստաշրջանն ավարտվեց, հաջորդը կսկսվի սեպտեմբերին: Պարզ հաշվարկ կարող եք կատարել. հենց սեպտեմբերից եթե սկսի չգործել, երեք ամիս եթե հաշվենք, դա գալիս է դեկտեմբերի կեսերը: Եվ եթե այդ պահին արձանագրվի, որ չի գործում, հայտարարվի արտահերթ, արդեն հունվար-փետրվար է գալիս… Մենք էլ ասում ենք` այդ երկխոսությունից ոչ մի լավ բան չենք սպասում», - հավելեց Արմեն Ռուստամյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ ՀԱԿ - իշխանություն երկխոսության` այսօր գոյություն ունեցող ձեւաչափը չի համապատասխանում հասարակության ակնկալիքներին:

«Փոխադարձ զիջումների, փոխադարձ գովերգման փուլ ենք մենք տեսնում: Եվ հասարակությունը, որը հավաքվել էր արմատական լուծումների շուրջ, ըստ էության, ոչ թե արմատականություն էր տեսնում, այլ փոխադարձ սիրաշահում», - ասաց Մարտիրոսյանը` հավելելով, թե երկխոսության իրական նպատակը իր համար էլ պարզ չէ:

Այդուհանդերձ, այդ երկխոսության մեջ նա նույնպես տեսնում է արտաքին քաղաքականության բաղադրիչ. - «Որովհետեւ, ըստ էության, երկուսն էլ արտաքին խնդիրների շուրջ գրեթե նույն տեսակետն ունեն: Եվ այսօր իշխանությունները լուծման այն ուղուն են մոտ, ինչը առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 1998 թվականին»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց այդ դիտարկումներին` հայտարարելով, թե արտաքին քաղաքական հարցերում իրենց եւ իշխանությունների միջեւ կան «անհաղթահարելի հակասություններ», որոնք երկխոսության առարկա դառնալ չեն կարող:

«Թող չանհանգստանան: Երկխոսություն այդ հարցերի շուրջ` նկատի ունեմ հայ-թուրքական պրոտոկոլներ, ղարաբաղյան խնդրի կարգավորում կամ որեւէ արտաքին խնդրի շուրջ, այս իշխանության հետ չի լինելու: Մեր բանակցություններում նման խնդիր ընդհանրապես չի արծարծվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց Զուրաբյանը:

Your browser doesn’t support HTML5

ՀՅԴ-ն ՀԱԿ - իշխանություն երկխոսության մեջ «տարօրինակություն է տեսնում»