Դովիլում հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ

Ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

Հունիսին, հիշեցնենք, Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

«Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասված է Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում։ - «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:

Նախագահներն արձանագրում են, որ կողմերի եւ համանախագահող պետությունների ջանքերի արդյունքում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել։

«Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար։ Այդ փաստաթուղթը կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները», - նշված է նրանց հայտարարությունում։

Սա Ղարաբաղյան հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ընդունած երրորդ հայտարարությունն է։ Նախորդ հայտարարությունները ընդունվել են 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում:

«Այս հայտարարությունները համահունչ են հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների հետ եւ հստակ ազդակներ են պարունակում ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Դովիլի հայտարարությունը՝ կարծիք հայտնեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն քարտուղար Էդուարդ Շարմազանովը։