Ըստ իրավապաշտպանների` նախագահը «ստիպված» է գնում համաներման քայլին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Արձագանքելով Հայաստանի նախագահի` համաներում հայտարարելու առաջարկին, «Ազատություն» ռադիոկայանի զրուցակից իրավապաշտպանները համոզմունք էին հայտնում, որ Սերժ Սարգսյանը այդ քայլին «ստիպված» է գնում:

«Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» համակարգող Վարդան Հարությունյանը հիշեցրեց միջազգային տարբեր կազմակերպությունների վերջին պահանջներն ու հորդորները, նաեւ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գործողությունները, միաժամանակ վաղ համարելով կանխատեսել` արդյո՞ք անազատության մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրներն ազատ կարձակվեն մինչեւ մայիսի 31-ը:

«Այսինքն, սա քայլ է, որ կատարում է Սերժ Սարգսյանը ոչ իր կամքով, որովհետեւ եթե դա լիներ իր կամոք կատարված քայլ, նա շատ շուտ քաղբանտարկյալներին ազատ կարձակեր», - ասաց Հարությունյանը` հավելելով. - «Քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել` բոլորը, ես վախենում եմ կանխատեսում անել, վախենում եմ սխալվել, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը: Այս ամբողջ պրոցեսը կախված է մեկ մարդուց, իսկ մեկ մարդու տրամադրությունը ես չեմ կարող կանխատեսել»:

Ինչ վերաբերում է իշխանական շրջանակներից հնչող այն տեսակետներին, թե համաներումը կթուլացնի ներքաղաքական լարվածությունը, Վարդան Հարությունյանը ասաց. - «Ես չեմ կարծում, որ քաղբանտարկյալների ազատ արձակումով Հայաստանի քաղաքական դաշտը կխաղաղվի: Ուղղակի համաներումը կհամարվի մեկ աստիճան, ինչի վրա իր ոտքը կդնի ընդդիմությունը` հաջորդ աստիճանին բարձրանալու համար»:

Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը համաներման քայլը որակում է «միջազգային հանրությանը դուր գալու քայլ»:

«Ճնշումը միջազգային հանրության ուժեղանում է, եւ Սերժ Սարգսյանը անում է ամեն ինչ, որ ապահովի իր իշխանության անվտանգ գոյությունը: Ազատության մասին, դեմոկրատիայի մասին խոսելը այս իշխանության օրոք անիմաստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դանիելյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ է համոզված, որ ներքին ու արտաքին ճնշումներից բացի, Հայաստանի իշխանությունները այս քայլով նաեւ սեփական շահերն են հետապնդում:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով` նախագահական ընտրություններին նախորդող տարում [նախագահը] փորձում է որոշակի դիվիդենտներ շահի հասարակության մեջ, այսինքն` դա կարող է լինել իր նաեւ զուտ անձնական շահը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանները համաներման առաջարկը կարեւորեցին նաեւ մեկ այլ տեսանկյունից` քրեակատարողական հիմնարկները գերբեռնվածությունից ազատելը, ըստ նրանց, այսօր իշխանությունների համար գերխնդիր է դարձել:

«Բանտերը եւ մեկուսարանները, կալանավայրերը լցված են, եւ այս համաներումը, եւ ապագայում նույնպես պետք է կիրառվեն համաներումներ, որպեսզի հնարավորինս թերբեռնված լինեն կալանավայրերը, ոչ թե` գերբեռնված», - ասաց Վարդան Հարությունյանը: