ԱԺ-ում շարունակվում են Ընտրական օրենսգրքի քննարկումները

Armenia -- A session of parliament.

Ազգային ժողովում երկուշաբթի երկրորդ ընթերցման ռեժիմով շարունակվեցին Ընտրական օրենսգրքում կոալիցիոն ուժերի առաջարկած փոփոխությունների շուրջ քննարկումները:

Առաջին ընթերցումից հետո իշխանական նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել: Փոփոխվել է նախագահի թեկնածուի առաջադրման կարգը` թեկնածուն առաջադրման պահին միայն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս սահմանումը երկքաղաքացիների համար է, ովքեր ամենաքիչը 10 տարի կարող են ունենալ ՀՀ-ի, նաեւ այլ երկրի քաղաքացիություն, սակայն նախագահի թեկնածու առաջադրվելու պահին պետք է լինեն միմիայն Հայաստանի քաղաքացի:

Առաջինից երկրորդ ընթերցումն ընկած հատվածում փոփոխվել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ձեւավորման կարգը: Նախկին նախագծում ԿԸՀ-ի 7 անդամներին ներկայացված 15 թեկնածուներից նշանակում էր երկրի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի առաջադրած թեկնածուների շարքից: Այժմ առաջարկվում է, որ նախագահը միայն հրամանագրի այս կառույցների ղեկավարների առաջադրած թեկնածուներին:

Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ասաց, թե իրենց առաջարկությունների 99 տոկոսը չի ընդունվել: Դաշնակցությունը մտահոգիչ է համարում մի քանի հարցեր եւ հատկապես շեշտադրում է կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկությունից հետո ընտրական ցուցակների հրապարակումը եւ ընտրության ողջ ընթացքի տեսաձայնագրումը: Կոալիցիան հրաժարվում է ամրագրել այս դրույթները, ընտրատեղամասերում տեսանկարահանում թույլատրվում է լրագրողներին, վստահված անձանց, դիտորդներին, բայց պետությունն ինքը չի պատրաստվում նկարահանել ընտրության ընթացքը:

Ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման հարցը եւս մերժվեց, որոշվեց ընտրացուցակների հետ գործ ունեցող հանձնաժողովի երկու անդամների կողքին նստեցնել նաեւ վստահված մեկ անձի: Այս տեղը հիմնականում խորհրդարանական ընդդիմությանը կտրվի, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրացուցակների հետ աշխատող հանձնաժողովականները ընդդիմադիր լինեն:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին, թե ընդդիմության ներկայացուցչի այդտեղ նստելը ի՞նչ է տալիս, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահԴավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ուղղակիորեն տեսնելու ամբողջ գործընթացը, եւ հավատացնում եմ, որ եթե որեւէ մեկը խախտում է բացահայտում, օրինակ, բազմակի քվեակության փորձ եւ այլն, վստահված անձը կարող է անմիջապես բարձրացնել հարցը, պահանջել, որ մատյանում անմիջապես արձանագրվի իր խոսքը` ուղղակիորեն, իր գնահատականը, թե ինչ է տեղի ունենում»:

Դաշնակցությունը հայտարարեց, որ դեմ է նախագծի ընդունմանը այս տեսքով, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը չէր մասնակցում այսօրվա քննարկումներին: