Շերը 65 տարեկան է

Շերը (ձախից) եւ Քրիստինա Ագիլիերան ֆիլմի նկարահանումների ժամանակ

Այսօր լրացավ երաժշտական աշխարհի կուռքերից մեկի՝ Շերի ծննդյան 65-ամյակը:

Չխամրող աստղը իր կարիերայի ընթացքում ստացել է Օսկար ու Գրեմմի մրցանակները, նրա երգերի 100 միլիոն ձայնասկավառակ է վաճառվել, եւ այժմ նույնպես աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ շարունակում են երկրպագել ու շնորհավորել 65-ամյա Շերին:

Նրա իսկական անունը Շերիլին Սարգսյան է: Շերը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին: Նրա հայրը հայ էր, բեռնատար մեքենայի վարորդ, ով լքել է ընտանիքը, երբ Շերիլինը ընդամենը երկու տարեկան էր:

Դպրոցի ավարտական դասարաններում սովորելիս Շերիլինը հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ երաժիշտ Սոնի Բոնոյին: Երկու տարի անց նրանք միասին թողարկեցին I Got You, Babe երգը: Դա առաջին մասսայական հիթերից մեկն էր:

Ավելի ուշ Rolling Stone ամսագրի կազմած ցանկում այս երգը ընդգրկվել է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 500 երգերի ցանկում:

Շերի տաղանդը յուրաքանչյուր ոլորտում փայլում է:

1970-ականների սկզբներին The Sonny and Cher շոուն հեռուստատեսային ամենասիրված հաղորդումներից մեկն էր:

Ամուսնությունից հինգ տարի անց նրանք բաժանվեցին: Շերի երկրորդ ամուսնությունը երաժիշտ Գրեգ Ալմենի հետ ավելի կարճ տեւեց՝ երկու տարի:

Այդ ընթացքում սկսվեց Շերի կարիերիան կինոաշխարհում։ Մի քանի տարի անց՝ 1987 թվականին, նա Օսկար մրցանակ ստացավ Moonstruck ռոմանտիկ կինոկատակերգությունում խաղացած դերի համար։

Չնայած երբեմն երկար ձգվող ընդմիջումներին` նա շարունակում է նկարահանվել: Մեկ տարի առաջ՝ 2010-ին, նա խաղաց Burlesque ֆիլմում, որով 10 տարվա ընդմիջումից հետո Շերը վերադարձավ կինոաշխարհ: 1999-ին նա նկարահանվել էր Tea with Mussolini ֆիլմում:

Burlesque ֆիլմում նա մարմնավորում է գիշերային ակումբի տիրուհու կերպարը: Շերի խաղընկերը 29-ամյա Քրիստինա Ագիլիերան է: Ֆիլմում հնչում է նաեւ Շերի երաժշտական վերջին հիթը՝ You Haven't Seen the Last of Me երգը:

Երաժշտական, կինո եւ հեռուստատեսային կարիերիայից բացի, Շերը Լաս Վեգասում հանդես է եկել ավելի քան 200 շոուներով:

Շերը նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում, ավելի կոնկրետ` օգնում է ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:

«Ցուրտ ու մութ տարիներ». Շերի այցը Հայաստան


Մարդասիրական օգնություն բերող օդանավով Շերը Հայաստան էր եկել 1993 թվականի գարնանը՝ «ցուրտ ու մութ տարիներին», երբ Ղարաբաղի պատերազմում դեռ զինադադար չէր հաստատվել։ Նա իջեւանել էր «Արմենիա» հյուրանոցում, իսկ հանդիպումների մեկնելու համար նրան ավտոբուս էր սպասարկում: Այդ այցի ընթացքում Շերը հանդիպումներ ունեցավ Հայաստանի նախագահի հետ, այցելեց Երեւանի պետական համալսարան, Էջմիածին:

Ամերիկյան մամուլի էլեկտրոնային արխիվներում պահպանվել են նրա այցի մասին հաղորդագրությունները: Երգչուհին մոտավորապես 3 միլիոն դոլարի օգնություն էր բերել Հայաստան` դեղորայք, համակարգիչներ, խաղալիքներ: Իր այցով նա փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դժվարին պայմաններում ապրող Հայաստանի վրա:

Երկօրյա այցի մասին նա ասել էր, թե դա իր համար անհավատալի ժամանակ է՝ առաջին անգամ զգում է իր հայկական ինքնությունը։ Համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նա պատմել էր, որ հյուրանոցը չի ջեռուցվում, ջուր չկա, լույս չկա, էլեկտրականությունը մատակարարվում է հովհարային անջատումներով, եւ ասել էր, որ ատում է այդ պայմանները։ Թերթից մեկում լուր կա, որ նա հյուրանոցում լոգանք է ընդունել շշալցված Evian ջրով, քանի որ հյուրանոցում ջրամատակարարում չի եղել, երեկոյան ժամը 8-ից մինչեւ առավոտ էլեկտրամատակարարումը անջատված է եղել;

ABC News Magazine 20/20 պարբերականին նա ասել էր, որ ինքը ամերիկացի է, բայց ինչ-որ մի բան իրեն հետ է տանում:

Շերին օգնության խնդրանքով նամակ էր գրել նաեւ հայաստանցի մի կին` օգնելու համար ծանր հիվանդ իր երեխային։ Շերը օգնում էր ծանր հիվանդ երեխաների բուժմանը, ու նա Հայաստան էր այցելել նաեւ այդ երեխային օգնելու նպատակով: