Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունեց Արգենտինայի նախագահը

Լուսանկարը` Արգենտինայի նախագահի մամուլի ծառայության

Երկուշաբթի օրը Արգենտինայի նախագահական նստավայրում` Վարդագույն տանը, երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշները ընդունել է հովվապետական այցով Բուենոս Այրեսում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին:

Հանդիպման ժամանակ Արգենտինայի նախագահը բարձր է գնահատել հայերի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը, ըստ նրա, ամենալավ կամուրջն է հանդիսանում հայ - արգենտինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Գարեգին երկրորդը իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի պետության ղեկավարին հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար եւ հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունները է'լ ավելի կամրապնդվեն:

Նույն օրը Վեհափառ հայրապետը Բուենոս Այրեսի «Ավենիդա» դահլիճում տեղի ունեցած մշակութային հանդիսության ժամանակ «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշանն է շնորհել արգենտինահայ գործարար եւ բարեգործ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Armenia International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդգծել է, որ Էռնեկյանը բազմաթիվ բարեգործություններ է արել Հայ եկեղեցու միջոցով ու նաեւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

«Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան Էդուարդո Էռնեկյանին

x

Your browser doesn’t support HTML5

«Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան Էդուարդո Էռնեկյանին