«Մոսկվա» կինոթատրոնը չի ցուցադրում «Մարտի 1»-ի մասին ֆիլմը

«Մոսկվա» կինոթատրոն

«Մոսկվա» կինոթատրոնը հրաժարվում է ցուցադրել գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմը, որն անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին:

Թեեւ Պասկեւիչյանը «Մոսկվա» կինոթատրոնից որեւէ պաշտոնական պատասխան չի ստացել, կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ սա կինոթատրոնի ցուցադրման համար հարմար ֆիլմ չէ:

«Այս ֆիլմը թե՛ տեխնիկական, թե՛ իր ֆորմատի մեջ` կինոթատրոնի ցուցադրման ֆիլմ չէ: Ինքը լավ հեռուստատեսային ֆիլմ է, կամ հաղորդում: Սա կոչվում է կինոթատրոն, որը ցուցադրում է գեղարվեստական, գիտահանրամատչելի ֆիլմեր», - հայտարարեց Ադոյանը: - «Մենք լավագույն դեպքում 1 սեանս պետք է ցուցադրենք` հո չենք կարող սրա երկարաժամկետ ցուցադրում կազմակերպել: Հինգ հարյուր մարդու համար ցուցադրելը այս հեռուստատեսային ֆորմատի ֆիլմը ի՞նչ է տալու մեզ, կամ ընդհանրապես այս ազգին»:

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված են նախագահական ընտրություններին նախորդող եւ հաջորդող բոլոր հիմնական իրադարձությունները, մարտիմեկյան դեպքերը, նախկին Փաստահավաք խմբի նյութերը եւ այլն:

Չցուցադրելու հաջորդ հիմնական պատճառը «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը համարում է ֆիլմի տեխնիկական որակը: Նա չհամաձայնեց, որ ֆիլմի չցուցադրելը քաղաքական շարժառիթներով կարող է պայմանավորված լինել:

Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, սակայն, վստահ է, որ ֆիլմը չի ցուցադրվում բացառապես քաղաքական դրդապատճառներով:

«Թող պատճառ չբռնեն` ասելով, որ քաղաքական ոչ մի խնդիր չկա: Ես ավելի ուրախ կլինեի, որ ե՛ւ հեռուստաընկերությունները, ե՛ւ կինո «Մոսկվան» ասեին` գիտեք ինչ կա, քաղաքական խնդիր կա, ցույց չենք տալիս: Սա շատ ավելի ազնիվ չէ՞ր լինի... ավելի մարդկային կլիներ երեւի, քան թե սուտ խոսել: Վերջին հաշվով, ինձ չեն դնում վատ վիճակի մեջ, իրենք իրենց են դնում վատ վիճակի մեջ սուտ խոսելով», - հայտարարեց նա:

Պասկեւիչյանը արժանահավատ չի համարում նաեւ ֆիլմի տեխնիկական որակի մասին պատճառաբանությունները:

«Եթե խնդիր կա փոխել տեխնիկական ֆորմատը, մենք դրան պատրաստ ենք. Իրենք կարող են կապվել մեզ հետ եվ ֆիլմն ունենալ ոչ թե DVD, այլ` այլ կրիչով», - պարզաբանեց նա:

«Հայաստանի կորսված գարունը» Տիգրան Պասկեւիչյանի երրորդ ֆիլմն է` «Օտարում» եւ «Ընտրություն» ֆիլմերից հետո, որը թե' հեռուստաընկերությունները, թե «Մոսկվա» կինոթատրոնը չեն ցուցադրում:

Ֆիլմն ուղարկվել է հայաստանյան գրեթե բոլոր հեռուստատեսություններին, բայց առայժմ այն հեռարձակելու ցանկություն հայտնել են միայն «Գալա» հեռուստաընկերությունից: DVD սկավառակներն ուղարկվել են նաեւ Հայաստանի գործող եւ նախկին նախագահներին, Ազգային ժողով, նախարարություններ, իրավապահ մարմիններին եւ պետական այլ կառույցներին: Ներկայումս այն բաժանվում է նաեւ կրթօջախների տնօրեններին, քանի որ, Պասկեւիչյանի խոսքով, նրանք «քաղաքականապես ակտիվ մարդիկ են եւ այս կամ այն կերպ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում»:

«Դպրոցի տնօրենները, փոխտնօրենները ներգրավված են լինում ընտրական հանձնաժողովների մեջ: Շատ ժամանակ կամա թե ակամա, հենց իրենք են լինում այդ ընտրակեղծիքների հեղինակներն ու իրագործողները, եւ մեր նպատակն է, որ իրենք տեսնեն, թե ինչի է տանում իրենց կողմնապահությունը», - բացատրեց Պասկեւիչյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դպրոցների տնօրեններից ոմանք ասացին, թե ֆիլմը չեն ստացել եւ չեն դիտել, ոմանք էլ ֆիլմում ներկայացված փաստերը միակողմանի որակեցին:

Ֆիլմն ուղարկվել է նաեւ մարզպետերին, առաջիկայում կբաժանվի նաեւ գյուղապետերին:

Your browser doesn’t support HTML5

«Մոսկվա» կինոթատրոնը չի ցուցադրում «Մարտի 1»-ի մասին ֆիլմը