«Սիրիայում ցանկացած անկայունություն վտանգավոր է հայ համայնքի համար»

Սիրիա - Հակակառավարական բողոքի ցույց հարավարեւելյան Քամիշլի քաղաքում, 10-ը մայիսի, 2011թ.

Սիրիայում, ինչպես եւ նմանատիպ այլ երկրներում, հայ համայնքը միշտ իշխանամետ դիրքորոշում ունի եւ քաղաքականության հետ առանձնապես կապ չունի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը, ով Մերձավոր Արեւելքում աշխատանքի մեծ փորձ ունի:

Ցանկացած անկայունություն բավականին վտանգավոր է համայնքի համար, որովհետեւ խախտվում են ձեւավորված կապերը, ընդգծեց նա:

Սիրիայի իրավիճակի մասին հայ համայնքի ներկայացուցիչները շատ զուսպ են արտահայտվում: Վերջին օրերին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք պնդում են, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի վտանգ չկա` հատկապես հայերի համար, որոնց մեծ մասը բնակվում է Հալեպում` բախումների շրջաններից հեռու:

Մոտավոր հաշվարկներով` Սիրիայում 50-60-հազարանոց հայ համայնք կա, որոնցից մոտ 35 հազարը` Հալեպում, մի քանի հազարը` Դամասկոսում, հայեր են ապրում նաեւ Քեսաբում, Լաթաքիայում:

Վերջին տեղեկություններով` հայկական համայնքից հեռացողներ չկան: Հալեպում Հայաստանի հյուպատոսությունից եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ ոչ մեկը երկիրը լքելու եւ Հայաստան տեղափոխվելու համար չի դիմել հյուպատոսություն:

Վերլուծաբանները նշում են, որ Սիրիայի հակամարտությունում կրոնական գործոնը մեծ դեր ունի: Բաշար ալ-Ասադի ընտանիքը ալավի փոքրամասնությունից է, երկրի բնակչության մեծամասնությունը սուննի մահմեդականներ են:

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ ընդվզումը ուղղված է ալավի փոքրամասնության դեմ, որը արդեն մի քանի տասնամյակ իշխում է երկրում, եւ եթե Սիրիայում իշխանափոխություն, հեղաշրջում լինի, ապա որոշ շրջան երկիրը անկառավարելի կլինի: Նա մատնանշեց Եգիպտոսի օրինակը, որտեղ կայուն թվացող անցումային շրջան է, բայց նորից արյունալի բախումներ են տեղի ունենում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ, որոնք կանխելը բավականին դժվար է:

Սիրիայի հայ համայնքը բավականին սերտ կապեր ունի հարեւան երկրի` Լիբանանի հայերի հետ: Լիբանանում եւս մեկնաբանում են Սիրիայի ներքին իրավիճակը, վերջին իրադարձությունները` նշելով, որ Սիրիայի հայերը, բնականաբար, չեն կարող կամ չեն ցանկանում ազատորեն արտահայտվել:

Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ջերեջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սիրիայում հայերը չեն շտապում դիրքորոշում հայտնել, բայց փոփոխությունների դեպքում մտահոգություն կա` ինչպիսի՞ վերաբերմունք կունենա նոր վարչակազմը ազգային փոքրամասնությունների, քրիստոնյաների հանդեպ, ի՞նչ կլինի անցումային շրջանում, դա որքա՞ն կձգվի: Նա նաեւ նշեց, որ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ընդդիմությունը միատարր չէ:

«Եվ ընդդիմադիր շարժումը խայտաբղետ է, տարբեր հոսանքներ կան, նրանց մեջ կան նաեւ կրոնամոլներ, արմատականներ: Արդյոք եթե նրանք իշխանության գան` քրիստոնյաների հանդեպ իրենց վերաբերմունքը ի՞նչ կլինի` այս մտահոգությունը կա», - ընդգծեց Ջերեջյանը: