Հայաստանն անդամակցում է եվրոպական միջխորհրդարանական նոր կառույցին՝ «Եվրանեսթ»–ին

Բրյուսելում երեքշաբթի օրը հիմնադրվեց միջխորհրդարանական նոր մի կառույց` «Եվրանեսթ»-ը, որը միավորելու է Եվրոպական խորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները:

Բրյուսելում է նաեւ հայկական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Այս խորհրդարանական վեհաժողովը ստեղծվում է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի սերտացնել Եվրամիության եւ հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հարաբերությունները: Խորհրդարանական վեհաժողովի կազմում ընդգրկվելու են Եվրախորհրդարանի 60 պատգամավորներ եւ 10-ական պատվիրակ` Արեւելյան գործընկերության երկրներից:

«Եվրանեսթ»-ի հիմնադրման արարողությանը մասնակցել են Արեւելյան գործընկերության ծրագրի միայն 5 երկրներ: Ժամանակավորապես որոշվել է կասեցնել Բելառուսի մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին` կապված այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից հետո ընդդիմության դեմ իրականացված ճնշումների հետ:

Նիստի ընթացքում վեհաժողովի համանախագահներ են նշանակվել Ուկրաինական պատվիրակության ղեկավար Բորիս Տարասյուկը եւ Եվրախորհրդարանում Բուլղարիան ներկայացնող պատգամավոր Քրիստիան Վիգենինը:

Նորընտիր համանախագահ Բորիս Տարասյուկի խոսքով` «գաղտնիք չէ, որ Արեւելյան հարեւանության ծրագիրը այժմ չի գործում եւ մի խթան էր պետք այդ գործընթացին, որը կասեր, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ եւ ինչ է պետք անել: Եւ հենց դա է «Եվրանսեթ»-ի հիմնական նպատակը»:

«Եվրանեսթ»-ի ընդունած որոշումները պարտադիր իրավական ուժ չեն ունենալու, եւ փորձագետները մտավախություն են հայտնում, որ սա քաղաքական բանավեճերի հերթական ակումբ կդառնա:

Մինչդեռ իրենք` խորհրդարանականներն ասում են, որ այս հարթակում քննարկելու են նաեւ սուր խնդիրներ, ինչպիսիք տարածաշրջանային հակամարտություններն են:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Գյունար Հոկմարկը, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ նոր եվրոպական կառույցը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, ասել է. - «Կարծում եմ Ղարաբաղի հարցում մեր գլխավոր ներդրումը հակամարտությունը լուծելը չէ, քանի որ հակամարտությունը պետք է լուծվի կողմերի միջեւ, սակայն մենք ներդրում կարող ենք ունենալ` ասելով, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը, ինչ ձեւաչափում. եվրոպական կառույցների ձեւաչափում` բանակցության եւ համագործակցության միջոցով»: