Մշակվել է տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծ

Շիրակի մարզկենտրոն Գյումրիի գլխավոր հրապարակը

Տարածքային զարգացման հայեցակարգի քննարկմանը չորեքշաբթի օրը մասնակցած վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով` կարողությունների գերկենտրոնացումը Երեւանում խոչընդոտում է ամբողջ Հայաստանի բնականոն զարգացմանը:

Ըստ վարչապետի` այդ տեսակետից Հայաստանում տարածքային զարգացման համաչափության խնդիրն ունի ոչ միայն տնտեսագիտական, այլեւ քաղաքական բովանդակություն:

Տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման նախարարության կողմից Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Փաստաթղթում համայնքների եւ մարզերի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են ընդհանրացված ցուցանիշներ եւ մոտեցումներ, ինչը թույլ կտա գնահատել համայնքների, մարզերի առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, կյանքի որակի եւ տնտեսական զարգացման վրա ծրագրերի եւ ներդրումների իրականացման ազդեցությունը:

Տիգրան Սարգսյանը հատկապես կարեւորեց այն չափանիշները, որով մոնիտորինգի են ենթարկվելու տարածքային զարգացումները: Մասնավորապես, ըստ Տիգրան Սարգսյանի, մշակված հայեցակարգը ենթադրում է մարզերի միջեւ եղած տարբերությունները բացահայտելու համար չօգտվել միայն պաշտոնական վիճակագրությունից, այլեւ համայնքներում անցկացնել սոցիոլոգիական հարցումներ, որոնց մասնակից համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն ինչպես իրենց խնդիրներն ու կարիքները, այնպես էլ կգնահատեն կառավարության ջանքերը:

«Այս տարի մենք մարզերին հատկացրեցինք 10 մլրդ դրամ, որպեսզի մարզերը լուծեն իրենց առջեւ ծառացած առաջնային կարեւորության սոցիալական բովանդակության խնդիրներ: Հատկացումը նաև հնարավորություն կտա հաղթահարելու տարածքային զարգացման անհամաչափությունները», - ասաց վարչապետը:

Սակայն Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հազիվ թե նշված գումարը բավարարի մայրաքաղաքի ու մարզերի, առանձին մարզերի միջեւ զարգացման անհամաչափությունների խնդիրները լուծելու համար:

«10 միլիարդով արդիական մի շարք խնդիրներ կան, որոնք լուծվելու են եւ դա բավական թեթեւացնելու է, բայց 10 միլիարդով դիսբալանսը, բնականաբար, չի վերանա», - ասաց Գաբրիելյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նույնպես կարծում է, որ մարզերի զարգացման պատկերը ներկայացնող պաշտոնական վիճակագրությունը որոշակի անճշտություններ է պարունակում: Ըստ նրա` հայեցակարգով առաջարկվող սոցիոլոգիական հարցումները կարող են ավելի արժանահավատ լինել եւ օգտագործում են նույն մեթոդոլոգիան, ինչ ՄԱԿ-ը Հայաստանում կյանքի որակի մասին իր ամենամյա զեկույցը պատրաստելիս:

«Հայաստանում նույնիսկ միեւնույն մարզի տարբեր համայնքների միջեւ գոյություն ունի զարգացման լուրջ անհամաչափություն` եկամուտների, արտադրողականության եւ գործազրկության ցուցանիշների առումով: Այդ տարբերությունները առավել ակնհայտ են դառնում գյուղական եւ քաղաքային համայնքերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավիճակը վերլուծելիս: Այսպես` Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 38 տոկոսը գյուղաբնակներն են, սակայն նրանց կեսից ավելին գործազուրկ է, իսկ քաղաքաբնակների շրջանում միայն երեքից մեկը չունի աշխատանք», - ընգծեց Գերչեւան:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ասաց, թե Երեւանի եւ մարզերի զարգացումների տարբերությունը վերջին տարիներին փոխվում է հօգուտ մարզերի, այդուհանդերձ, համաչափ զարգացման հայեցակարգի ընդունման պարագայում էլ կարողությունների գերկենտրոնացումը Երեւանում առաջիկայում զգալի փոփոխություններ դժվար թե կրի:

«Իհարկե, դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները մարզերում լուծեն` Երեւանի խնդիրները թողնելով կեսճանապարհին` հատկապես այնպիսի խնդիր, ինչպիսին բնակարանային ֆոնդի, բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրը, փողոցների վերակառուցման, թողունակության մեծացման, տրանսպորտային հիմնավորված հանգույցների եւ ճանապարհների բացման խնդիրը: Երկու առաջնահերթ կիսատ մնացած խնդիրներ այսօր ամբողջությամբ ծանրացած են քաղաքապետարանի ուսերին», - ասաց Արեյանը: