ԱԺ-ում շարունակվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները

Ազգային ժողովում երեքշաբթի օրը շարունակվեցին քննարկումները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող երկու` կոալիցիոն ուժերի եւ Դաշնակցության ներկայացրած օրինագծերի շուրջ:
Քննարկումների ավարտին օրինագծերը առանձին-առանձին դրվելու են քվեարկության: Դաշնակցության նախագիծը, հաշվի առնելով Ազգային ժողովում կուսակցության ունեցած սակավաթիվ ձայները, ամենայն հավանականությամբ, կմերժվի: Այսօր, սակայն, ե'ւ կոալիցիոն կուսակցությունների, ե'ւ Դաշնակցության պատգամավորները խոսում էին երկու նախագծերի համատեղման մասին:

«Եթե մեր նախագիծը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, կուսումնասիրենք այլընտրանքային նախագիծը եւ բոլոր օգտակար առաջարկությունները կներառենք նաեւ մեր նախագծում», - ասաց կոալիոցիոն նախագծի հեղինակներից Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` նաեւ վերահաստատելով իր տեսակետը, թե առաջարկվող փոփոխությունները կարող են պատշաճ վերահսկողություն ապահովել ընտրական գործընթացների նկատմամբ:

Մինչդեռ, Ընտրական օրենսգիրքը կրկին ու կրկին փոխելու հարցը կոալիցիային թեւաթափ չի անում: «Ավելին` կասեի, որ եթե առաջիկա ընտրությունները ի հայտ բերեն կրկին սողանցքներ, ես չեմ բացառում, որ կրկին անհրաժեշտություն առաջանա օրենդրորեն բարելավելու ընտրական օրենսգիրքը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):

Երեկվա քննարկումներում մատնանշված մտահոգիչ հարցերը (որոնք վերաբերում են կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկությունից հետո ընտրական ցուցակներին հրապարակը, ընտրության ողջ ընթացքի տեսաձայնագրմանը) կոալիցիան չի պատրաստվում ամրագրել:

Իսկ Դաշնակցությունը կողմ է տեսանկարահանմանն ու ընտրացուցակների հրապարակմանը, ինչպես նաեւ` էլեկտրոնային քվեատուփերի ներդրմանը, երբ յուրաքանչյուր պահի հնարավոր կլինի իմանալ, թե քանի քվեաթերթիկ կա տուփում:

Ներկայացնելով նախագիծը` պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդեց, որ իրենց օրինագծի ընդունումը «հիմքեր կստեղծի իսկապես ժողովրդի իշխանության ձեւավորման եւ հաստատման համար»:

Դաշնակցությունն առաջարկում է նաեւ ավելացնել կանանց ներգրավվածությունը Ազգային ժողովում, անգամ` հավասարեցնել, փոփոխել խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգը` անցնելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ խորհրդարանական նախորդ երկու ընտրություններում կոալիցիայի կազմում եկել էր իշխանության եւ 2009-ին հրաժարվել էր քաղաքական գործընկերությունից, ամենակարեւոր խնդիրն է համարում ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը:

Your browser doesn’t support HTML5

ԱԺ-ում շարունակվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները