Ընդդիմադիրները մտան Ազատության հրապարակ

Your browser doesn’t support HTML5

Մատենադարանի մոտ անցկացվող հանրահավաքից ժողովուրդը երթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ, ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում, շարունակվեց հանրահավաքը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվեց Ազատության հրապարակում:

Հանրահավաքի բազմահազար մասնակիցները ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` հրապարակը վերանվաճելու կոչից հետո երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:


Այսօր ցերեկվանից բոլոր կողմերից ոստիկաններով շրջապատած հրապարակը «հանձնվեց» ընդդիմադիրներին` ՀԱԿ-ի եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո:

Մարդիկ, մտնելով Ազատության հրապարակ, իրենց վանկարկումներով ողջունեցին երեքշաբթի օրվանից այնտեղ հացադուլ անող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախքան Ազատության հրապարակ գնալը Զուրաբյանը կոչ էր արել ժողովրդին զերծ մնալ բռնություններից, հանդես բերել զսպվածություն, քանի որ «ոստիկանությունը եւս ժողովրդի մասն է»:

Հանրահավաք Ազատության հրապարակում


Your browser doesn’t support HTML5

Հանրահավաք «ազատագրված» Ազատության հրապարակում



Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ընդարձակ ելույթ էր ունեցել Մատենադարի մոտ, այստեղ էլ դիմեց հանրահավաքականներին` ասելով. - «Տվյալ պահի գլխավոր խնդիրներն են` առաջին, քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, եւ դա տեղի է ունենալու շատ շուտով: Երկրորդ, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը: Դա նույնպես տեղի է ունենալու: Երրորդ իշխանությունը այսօր եւեթ անհապաղ պետք է հավաստիացնի մեր ազգին, ժողովրդին, որ պետությունը բացահայտելու է մարտի 1-ի բոլոր սպանությունները եւ դրա բոլոր մեղավորները կանգնելու են արդարադատության առջեւ»:

Կոնգրեսի առաջնորդը նաեւ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքի իրազեկումը ներկայացնելու են քաղաքապետարան ոչ թե ՀԱԿ-ի, այլ «արդեն հարյուր հազար մարդու անունից»:

Հաջորդ հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսը անցկացնելու է ապրիլի 8-ին: