Մարզերից Երեւան եկող տրանսպորտի աշխատանքը խոչընդոտվում է

Մարզերի բազմաթիվ բնակիչներ չեն կարողանում գալ Երեւան:

«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Աշտարակ քաղաքի ավտոկայանում եւ կենտրոնական հրապարակի կայանատեղիում Երեւան եկող երթուղայիններ եւ տաքսիներ չկային:

Աշտարակի տաքսիների վարորդները դեռ երեկվանից ահազանգում են, որ իրենց արգելվել է հինգշաբթի օրը Երեւան գալ: Առավոտից քաղաքի կենտրոնն ու քաղաքները հսկում էին ոստիկանները, որոնք, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ բոլորովին կապ չունեն տաքսիների «անհետացման» հետ:

Աշտարակի տաքսիստները, սակայն, զարմացած էին ոստիկանների նման անտեղյակությունից: Վարորդներից մեկն ասաց, թե առավոտ շուտ ոստիկանները իրենից վերցրել են իր փաստաթղթերը եւ ասել են, որ դրանք վաղը ետ կստանա:

«Հարցրի` ի՞նչ իրավունքով եք տանում [փաստաթղթերը], կարգ չեմ խանգարել, ասացին` դա Ձեզ չի վերաբերվում, բաժնում կիմանաք», - պատմեց աշտարակցի տաքսու վարորդը:

Աշտարակցիները սա կապում էին այսօր Երեւանում կայանալիք ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի հետ:

Նմանատիպ իրավիճակ է նաեւ Վանաձորում, Էջմիածնում, Մասիսում, որտեղ մարդիկ ժամերով սպասում են Երեւան եկող տրանսպորտի:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ահազանգեր ստացել են գրեթե բոլոր մարզերից.

«Իշխանությունները այս անգամ այլ մեթոդներ են ընտրել, փոխել են տրանսպորտային միջոցները դժվարամատչելի դարձնելու տակտիկան: Ոչ միայն վարորդներից վերցնում են փաստաթղթերը եւ վերադարձնում հանրահավաքից հետո, այլ ավելին` մարզկենտրոններում տաքսիստներին ու երթուղայինների վարորդներին ասում են` առանց փաստաթղթերի կարող եք մեքենան վարել քաղաքում, բայց եթե դուրս գաք Երեւան տանող ճանապարհ` մեքենան կտանեն տուգանային հրապարակ», - ասաց Մուսինյանը:

Մուսինյանի խոսքով` դա «իրենց [իշխանություններին] չի փրկի»:

«Այս ամենի իմաստը ոչ այնքան ժողովրդի մասնակցությունը թուլացնելն է, այլ այս ամենն արվում է համակարգի ներսում խուճապը, համակարգի փլուզումը ինչ որ կերպ կանգնեցնելու, դանդաղեցնելու համար, որովհետեւ իրենք արդեն լրջագույն խնդիրներ ունեն պետական կառավարման, իրավապահ համակարգերում: Իրենք կորցնում են վերահսկողությունը նաեւ այդ համակարգերի նկատմամբ», - ասաց Մուսինյանը: