CPJ-ը կոչ է անում թույլատրել օտարերկրյա լրագրողների մուտքը Հայաստան

Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի մուտքը Հայաստան արգելելու փաստի կապակցությամբ:

Մարտի 11-ին Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին, եւ լրագրողները հարկադրված են եղել լքել երկիրը:

Երեկ ուշ երեկոյան Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում արձանագրում է, որ Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցները որեւէ պատճառ չեն ներկայացրել լրագրողների մուտքը արգելելու իրենց որոշման առնչությամբ:

Նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խումբը պատրաստվում էր նկարահանումներ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վավերագրական ֆիլմի համար:

«Այդ լրագրողները, առնվազն, իրավունք ունեն պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է արգելվել իրենց մուտքը Հայաստան` միջազգային հետաքրքրություն ներկայացնող թեմա լուսաբանելու նպատակով», - հայտարարել է CPJ-ը` հավելելով. - «Մենք իշխանություններին կոչ ենք անում թույլատրել YLE նկարահանող խմբի մուտքը երկիր եւ նրանց հնարավորություն տալ ազատ աշխատել»:

Հայաստանի արտգործնախարարության անանուն պաշտոնյաները EurasiaNet տեղեկատվական կայքին հաղորդել են, որ նկարահանող խումբը ներկայացնում է մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ, եւ իրենք կարծում են, որ նկարահանվելիք ֆիլմը նպատակ ունի վնասել Հայաստանի հեղինակությանը: