Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Սոչիում մարտի 5-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հնարավոր կլինի առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է հակամարտության կողմերի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող «շարունակական սադրանքների եւ զինդադարի խախտումների վրա»:

Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին են ներկայացրել Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: