Բրազիլիան օգնություն է տրամադրում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վնասի վերահսկման համար

Բրազիլիայի կառավարությունը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վնասի վերահսկման գործողությունների համար Հայաստանի կառավարությանը ավելի քան 80 հազար դալար արժողությամբ նվիրաբերություն կտրամադրի:

Երեւանում Բրազիլիայի դեսպանությունը այս մասին տարածված հաղորդագրության մեջ մանրամասնում է, որ նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի:

Երեւանում Բրազիլիայի դեսպանության միջոցով հատկացվող օգնությունը իրենից ներկայացնում է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ` Բնապահպանության նախարարության վտանգավոր եւ թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար, ինչպես նաեւ մեկ արտաճանապարհային մեքենա:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում խորհրդային տարիներին թաղվել է ավելի քան 500 տոննա թունաքիմիկատ։

2010 թվականին այնտեղ էկոլոգիական արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ անհայտ անձինք ծանր տեխնիկայով քանդել էին գերեզմանոցը, եւ վտանգավոր թունաքիմիկատները հայտնվել էին բաց երկնքի տակ: Վտանգը ժամանակավորապես չեզոքացնելու համար Հայաստանի կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում շուրջ 32 միլիոն դրամ էր հատկացրել (շուրջ 85 հազար դոլար), թունաքիմիկատները հավաքվել եւ թաղվել էին, տարածքը պատվել էր անջրթափանց շերտով, գոտեւորվել է փշալարերով, տեղադրվել են զգուշացնող նշաններ եւ պահակակետ:

Այդուհանդերձ, անցած տարվա դեկտեմբերին բնապահպաններն ահազանգել էին, որ Նուբարաշենի թունաքիմիակատների գերեզմանոցի վերականգնման աշխատանքները արվել են ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքով գերեզմանոցից դարձյալ թունաքիմիկատների հոտ է գալիս:

Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի, որին Հայաստանը միացել է դեռեւս 2001 թվականին, թունաքիմիկատները պետք է ոչ թե վերամշակվեն կամ վնասազերծվեն, այլ ոչնչացվեն, ինչը կլինի խնդրի վերջնական լուծում: Դա, սակայն, շատ ավելի մեծ ծախսեր է պահանջում: