«Կենգուրու»-ին այս տարի ավելի շատ երեխաներ կմասնակցեն

Մարտի 17-ին Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որի խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն եւ ռուսերեն: Այս տարի մրցույթին մասնակցում են աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաեւ 13 դպրոց` Ստեփանակերտից:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի եւ մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի անդամ որեւէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր:

Ավստրալիայում ծնունդ առած «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթն ընդգրկում է մոտ 50 երկիր. ամեն տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 6 միլիոն երեխա: Հայաստանում մրցույթն անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը` մասնավորապես այս տարի մասնակից դարձնելով 36.000 աշակերտների: