Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը

ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը երեք ժամ տեւած դռնփակ դատական նիստում որոշեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը` այն հիմնավորմամբ, որ նա ազատության մեջ մնալով կխոչընդոտի նախաքննությանը:

Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը դատարանից դուրս գալուն պես դատական նիստը «թատրոն» եւ «դատի իմիտացիա» որակեց:

Փաստաբանը հայտարարեց, որ թեեւ խափանման միջոցը որոշելու համար սահմանված 72 ժամը լրանում էր վաղը երեկոյան, սակայն դատարանը մերժել է նիստը հետաձգելու միջնորդությունը եւ իրեն բավարար ժամանակ ու հնարավորություն չի տվել նյութերին պատշաճ ձեւով ծանոթանալու եւ առարկությունները ներկայացնելու:

Մարտի 13-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստին կասկածում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ ընդդիմության այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում քաղաքացիական հագուստով անձանց հետ վիճաբանության դեպքի ժամանակ:

Փաստաբանի փոխանցմամբ` Խաչատրյանը այսօր դատարանում հայտարարել է, որ ինքը որեւէ ոստիկանի չի հարվածել, այնտեղ եղել են ինչ-որ անձնավորություններ, որոնք կանանց ու երեխաներին հարվածներ են հասցրել, վիրավորել են, իսկ ինքը փորձել է կանխել այդ գործողությունները:

«Ես սա համարում եմ քաղաքական որոշում: Հակառակ դեպքում այսպիսի խայտառակ դատավարություն տեղի չէր ունենա», - ասաց Արա Զաքարյանը:

Սամսոն Խաչատրյանի ձերբակալումն ու կալանավորումը դատապարտում են Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջնորդելու է, որպեսզի Խաչատրյանի խափանման միջոցը փոխվի:

«Դա Սամսոնի տեղը չէ: Իմ պատգամավորական լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով ես փորձելու եմ աջակցել նրան», - ասաց Դալլաքյանը, ով երեկ երեկոյան ժամանակավոր պահման մեկուսարանում այցելել էր իր ընկեր Սամսոն Խաչատրյանին:

Սամսոն Խաչատրյանին իր աջակցությունն է հայտնել նաեւ խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը. խմբակցության պատգամավորները եւս այցելել են նրան: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ մարտի 1-ին առանց համազգեստի ոստիկանների հետ կապված միջադեպը սադրանք է եղել:

«Արդեն որերորդ դեպքն է, որ Կենտրոն ոստիկանների հետ կապված բախվում ենք նույն իրավիճակներին, երբ [ոստիկանները] «Ոստիկանության մասին» օրենքի բացահայտ խախտումներով են գործում: Քիչ է մնում «Ժառանգություն» կուսակցությունը կամ ազգովի փող հավաքենք, որ այդ անհամազգեստ ոստիկանների համար համազգեստ ուղարկենք», - ասաց Սաֆարյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ բարձր են գնահատում հայտնի բռնցքամարտիկ ու ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամսոն Խաչատրյանի վաստակը, բայց սա իրավական հարց է եւ դատարանի լուծելիք խնդիրը:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի արձագանքել կատարվածին:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը