Քոչարյանները եւ «Ժամանակ»-ը հաշտության համաձայնություն չկնքեցին

«Ժամանակ» օրաթերթի եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները երկուշաբթի օրը կայացած դատական նիստում հաշտության համաձայնություն չկնքեցին:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում փետրվարի 25-ին կայացած դատական նիստի ժամանակ օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկել էր Քոչարյանների ներկայացուցչին հերքման տեքստ պատրաստել հաշտության գալու համար` «եթե, իհարկե, Քոչարյանների նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ»:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ»-ի դեմ` օրաթերթում անցած տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես գրել էր, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Այս հրապարակումներից հետո Քոչարյանի ընտանիքը նախ անցած տարվա հոկտեմբերի 11-ին գրավոր դիմել էր թերթին եւ խնդրել մեկշաբաթյա ժամկետում հերքել «Բելլա Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի իրավունքները խախտող փաստացի անճշտությունները»: Թերթը հերքումը տպագրել էր` վերաշարադրելով հրապարակման մեջ նշված տեղեկությունները: Այս հանգամանքը Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս եւ հենց դրա համար էր դիմել դատարան` պահանջելով հերքում տպագրել, ինչպես նաեւ 6 միլիոն դրամ` իբրեւ վնասի փոխհատուցում:

Նախքան այսօրվա դատական նիստը Քոչարյանի ներկայացուցիչը «Ժամանակ»-ին տրամադրել էր հերքման 2-րդ տեքստը, որը թերթը մարտի 3-ին արդեն տպագրել էր: Երեկ հրապարակման համար պատրաստվել են առանձին տեքստեր: Դրանցից մեկի մեջ, մասնավորապես, նշված է, որ 2010 թվականի սեպտեմբերի 29-ի համարում «պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի մասին հրապարակված «Ադամանդե Ռոբը» խորագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը», որին հետեւում է` «Ժամանակ » օրաթերթը ներողամտություն է հայցում անճշտությունների եւ վիրավորանքների համար»:

«Ժամանակ»-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որին այսօր զարմացրել էր հաշտություն չկնքելու փաստը, հիշեցրեց, որ իրենք առաջարկել են Քոչարյաններին տեքստ ներկայացնել, որտեղ «բովանդակային առումով գրված լիներ, թե այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ շարադրեին, թե որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:

«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անունից ձեւակերպված եւ ներողամտություն հայցող հերքման երկրորդ տեքստը տպագրել է կոնկրետ նպատակով:

«Քանի որ առաջարկը իմ կողմից էր արվել, ես որոշեցի տպագրել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցչին որեւէ հնարավորություն չտամ մանեւրելու: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, միանգամայն վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանը անձամբ խնդիր է դրել լռեցնել ընդդիմադիր «Ժամանակ» օրաթերթին եւ ֆինանսապես ծնկի բերել, ինչը իրեն չի հանջողվելու: Չենք ընդունելու վենդետտայի այն գործելաոճը, որը, ընդհանուր առմամբ, շատ հատուկ է Քոչարյանի ե'ւ պաշտոնավարման, ե'ւ հետպաշտոնավարման ժամանակաշրջաններին», - ասաց Բաբաջանյանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նպատակահարմար չհամարեց դատավարության փուլում արձագանքել թերթի խմբագրի գնահատականներին:

Արման Բաբաջանյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե Հայաստանի դատական համակարգում կայացվի թերթի դեմ որոշում, ապա բողոքները կհասնեն մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 23-ին:

Your browser doesn’t support HTML5

Քոչարյանները եւ «Ժամանակ»-ը հաշտության համաձայնություն չկնքեցին