Հայաստանյան բիզնեսին «խոչընդոտում է անկայուն իրավիճակը»

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը մամուլի ասուլիսում: 9-ը մարտի, 2011թ.

Ըստ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատրաստած Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ զեկույցի, Հայաստանի «տնտեսությունը վերականգնվում է, սակայն բարեփոխումների ընթացքը դանդաղում է», ինչի պատճառներից է ներքաղաքական անկայուն իրավիճակը:
«Վերականգնում եւ բարեփոխում» վերնագրված զեկույցը չորեքշաբթի օրը Երեւանում ներկայացրեց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ձեռնարկել քաղաքական քայլեր` իրականացնելու եւ խորացնելու այն բարեփոխումները, որոնք Հայաստանին հնարավորություն կտան ունենալու ավելի մեծ, բայցեւ ավելի կայուն տնտեսական աճ: Բանկը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին` հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին, հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումներին:

Իպատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է բարեփոխումների դանդաղեցման պատճառը, Բերգլոֆը արձագանքեց. - «Հայաստանը միակ երկիրը չէ, որը բիզնես միջավայրը բարեփոխելու հետ կապված խնդիրներ ունի: Եթե ուսումնասիրենք բարեփոխումները դանդաղեցնող գործոնները, ապա դա միշտ մրցակցության պակասն է, առանձին ոլորտներում օլիգարխիկ կառույցների կենտրոնացումը: Ինչ վերաբերում է քաղաքական քայլերին, կարեւոր է, որպեսզի բիզնես միջավայրը բարելավելու պարտավորությունները, որ ամրագրված են թղթի վրա, վերածվեն իրական, կոնկրետ գործողությունների եւ որոշումների: Կառավարությունը, պատկերավոր ասած` պետք է իջնի ներքեւ` մինչեւ կոնկրետ բիզնես միջավայրը»:

«Կարծում եմ, կառավարությունը այդ քայլերն իրականացնելու ցանկություն ունի, սակայն բախվում է շատ ուժեղ, թաքնված դիմադրության», - հավելեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետը:

«Բացի կոռուպցիայից եւ հարկային ու մաքսային վարչարարությունից, բիզնես միջավայրի բարելավմանը, ըստ հայ գործարարների շրջանում անցկացված հարցման, խոչընդոտում է նաեւ քաղաքական անկայուն իրավիճակը», - ասաց Էրիկ Բերգլոֆը`շարունակելով. - «Մեր ուսումնասիրությունների ընթացքում գործարարները նշում էին, որ բիզնեսի վրա վատ է ազդում վերջին նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, այն զգացումը, որ մթնոլորտը երկրում դեռ ամբողջությամբ կանխատեսելի չէ: Բացի այդ, բացասական գործոնների թվին է դասվում նաեւ ստվերային տնտեսությունը, որն ակնհայտորեն զգալի չափերի է հասնում»:

Բերգլոֆը նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսումներով, տնտեսական աճը Հայաստանում այս տարի կազմելու է 4-4.5 տոկոս, ինչը գրեթե հավասար է կառավարության կողմից պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշին:

Սակայն, եթե կառավարությունը տնտեսության վերականգնումը կապում է գյուղատնտեսության աճի ու վերամշակող արդյունաբերության հետ, ապա ՎԶԵԲ-ը` տրանսֆերտների ծավալների վերականգնման, մեծածավալ պետական ֆինանսավորման եւ պղնձի գների հետ:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանյան բիզնեսին «խոչընդոտում է անկայուն իրավիճակը»