Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիի հայտարարությունը

Ստորեւ ներկայացնում ենք մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդունած համատեղ հայտարարության տեքստը ամբողջությամբ, որը հրապարակել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով 2011 թվականի մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Քննարկելով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»: