Մարտի 4-ի մամուլ

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Մարտի 1-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական ասելիքն ամփոփված էր ոչ թե իշխանությանը ներկայացված 15 կետանոց պահանջներում, այլ ելույթի վերջին նախադասության մեջ. «Այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության կառավարման յուրատեսակ ֆորումի` օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ: Այս հայտարարությունը այլընտրանքային, փողոցային իշխանություն ձեւավորելու եւ հանրությանը դրա շուրջ համախմբելու բացահայտ նախաձեռնություն է: Չնայած հռչակվում է, թե այն «հասարակական կառավարման ինքնակառավարման ֆորումի» կարգավիճակ է ունենալու, այսինքն` միտված է հասարակության կողմից որոշումների ընդունմանը, սակայն իրականում սրանով Տեր-Պետրոսյանը հանրության դրդում է դիմել քաղաքացիական անհնազանդության: Վերջինս ինքնին հակապետական երեւույթ չէ, եթե ուղղված է ոչ թե պետական իշխանության, այլ դրա լծակներին տիրապետող ուժերի դեմ, քանի որ հաճախ բացարձակապես ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարելու այլ միջոց չի լինում, քան նման ապստամբությունը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված 15 պահանջները զարմանալիորեն չքննարկվեցին: ՀՀԿ ներկայացուցիչները իսկույն նեղացան, որ իրենց հետ խոսում են վերջնագրի լեզվով: Չնայած վերջնագիրը, իմ կարծիքով, պարունակում է որոշակի սպառնալիք` «եթե այս չանես, ես այն կանեմ»: Նման բան այդ տեքստում չկա: Ընդհակառակը` հաշվի առնելով ծայրահեղ սրված սոցիալական վիճակը եւ խուսափելու համար անկառավարելի տարերային գործընթացներից` իշխանությանը ելք է առաջարկում` կատարել որոշակի քայլեր եւ բանակցել արտահերթ ընտրությունների մասին: Ուրիշ հարց, որ իշխանությունը, հավանաբար, գտնում է, որ սոցիալական վիճակն այնքան էլ սուր չէ, որ անկառավարելի պրոցեսներ չեն կարող լինել, եւ ամեն ինչ ինքն իրեն կշտկվի: Հետեւաբար, կարծում է իշխանությունը, ամեն ինչ կհասնի հերթական խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքում կոալիցիան, ինչպես գրված է հուշագրում, «կընդլայնի իր ներկայությունը», այսինքն` կնվաճի ձայների 80-85 տոկոսը»:

«Իրատես de facto»-ի լրագրողը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հարցնում է. - «Կոալիցիոն հուշագիրը իրադարձային էր: Ըստ էության կանխվեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն` քաղաքական ուժի հետ»: Պատգամավորը պատասխանում է. - «Ես համամիտ չեմ, որ հուշագրով կանխվեց նրա վերադարձը: Որեւէ նախկին նախագահ երբեւէ քաղաքական դաշտից դուրս չի լինում: Դա աքսիոմա է: Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ցանկացած պահի կարող է դա անել: Կոալիցիոն հուշագիրը կապ չունի: Դա հուշագրի միֆն է, որ իրական հիմք չունի: Եթե խնդիրը Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականության վերադարձը կասեցնելն է, ապա պետք է բացահայտվեն մարտի 1–ի իրադարձությունների կազմակերպիչներն ու իրականացնողները, պետք է ազատականացվի տնտեսությունը, պետք է ազատականացվի կառավարման համակարգը: Եթե իշխանությունները նման ազնիվ ցանկություն ունեին, այդ քայլերը պետք է անեին: Դուք հուշագրում այդ մասին որեւէ տող կարդացե՞լ եք: Հուշագիրը ընդամենը իշխող փոքր խմբի պահպանման հավաստագիր է, որը չի տարածվում նույնիսկ գործող խորհրդարանի վրա, որի կազմը ցանկացած պահի կարող է փոխվել: Եվ ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այդ խմբից դուրս է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հիշեցնում է. - «Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սերժ Սարգսյան – Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումից հետո հայկական կողմը շտապեց հայտարարել, թե այդ հանդիպման ժամանակ գազի գնի հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մեդվեդեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը լրագրողներին բառացիորեն ասել էր. «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում սպառողների համար գազի գինը չի աճի… Մինչդեռ պարզվում է, որ ոչ մի պայմանավորվածություն էլ իրականում դեռ չկա, եւ բանակցությունները շարունակվում են: Մասնավորապես, «Գազպրոմ» ընկերություն մամլո ծառայությունից նախօրեին փոխանցել են, թե Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, եւ շարունակվում են մասնագետների բանակցությունները: Փաստը մնում փաստ` «Գազպրոմ»-ը հերքում է Հայաստանի իշխանությունների պնդումները, թե Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրված սպառողական գների ինդեքսին զուգընթաց վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ Եվրամիության 27, ԱՊՀ եւ աշխարհի մի շարք այլ երկրների հունվարյան գնաճի ցուցանիշները: Գնաճի մակարդակով Հայաստանն առաջ է անցել երբեմնի բարձր գնաճ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են, ասենք, Ռուսաստանը կամ Ուկրաինան։ Թեեւ այս երկրներում եւս տարեսկզբին բարձրացել են գները, այնուհանդերձ այն ավելի մեղմ է եղել, քան Հայաստանում։ Պարենային ապրանքների թանկացումները վերջին մեկ տարվա ընթացքում ընդհուպ մոտեցան 20 տոկոսին։ Որպեսզի պարզ լինի, թե սա ինչ է նշանակում, նշենք, որ 2005թ. մինչեւ այժմ պարենային ապրանքների գնաճը եղել է ընդհանուր առմամբ ընդամենը 54 տոկոս»։

Your browser doesn’t support HTML5

Մարտի 4-ի մամուլ