Բախում ոստիկանների եւ «Ժառանգության» պատգամավորների միջեւ

Your browser doesn’t support HTML5

Հինգշաբթի կեսօրին բախում տեղի ունեցավ կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող մոտ երկու տասնյակ կանանց, նրանց միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ:

Պատճառաբանելով, թե օրենքն արգելում է կառավարության շենքի մոտ ակցիաներ անցկացնելը` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգեց ոստիկաններին ցուցարարներին ու պատգամավորներին մղել դիմացի մայթ, որտեղ կրքերը ավելի թեժացան:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
պահանջեց ոստիկաններից, որպեսզի նրանք բացեն ճանապարհը, քանի որ օրենքով խաղաղ հավաքները արգելված չեն: Նա պնդեց, որ փոխոստիկանապետի որոշումը ապօրինի է: Չնայած դրան` ոստիկանները շարունակում էին հրմշտել ցուցարարներին եւ նույնիսկ պատգամավորներին: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Անահիտ Բախշյանը գրեթե ուշագնաց վիճակում էր. նրա համար շտապօգնություն կանչեցին, տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկանները նախ պատռեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքին եղած պաստառը, ապա գետին տապալեցին նրան եւ բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ փորձում էր կասեցնել ոստիկանների գործողությունները, սակայն նրան եւս քաշքշեցին:

Ավելի ուշ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված Վարդգես Գասպարին ազատ արձակվեց` ոստիկանությունում իր հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ հայտարարություն տալուց եւ դատաբժշկի ուղեգիր ստանալուց հետո:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե կատարվածը «Ժառանգության» պատգամավորների կողմից «կազմակերպված բեմադրություն էր»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով էլ` ամեն ինչ անելու են, որ անօրինականություն թույլ տված ոստիկանները անպատիժ չմնան:

«Իրենք սկսեցին շատ կոպիտ ձեւով հրել, հարվածել, որը իմ կողմից ադեկվատ պատասխանի է արժանացել, եւ ես դրա իրավունքը ունեմ ե'ւ որպես ՀՀ քաղաքացի, ե'ւ որպես պատգամավոր: Որեւէ մեկը իմ իրավունքներին անօրինական կպնելու իրավունք չունի, ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք չունի անօրինական եղանակով: Սա կոպիտ խախտում էր եւ սա եկել է այն ժամանակվանից, երբ առաջին անգամ ոստիկանը հարվածել է պատգամավորին, նմանատիպ միջադեպ եղել է մի քանի տարի առաջ, եւ այդ ոստիկանը անպատիժ է մնացել», - ասաց Մարտիրոսյանը:


Լեզվակռիվ ծագեց նաեւ փոխոստիկանապետի եւ դեպքին վրա հասած պատագամավոր Ստյոպա Սաֆարյանի միջեւ:

Այս դեպքերից քիչ անց Հանրապետության հրապարակ եկավ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա միայն նշեց, որ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները արդեն զրուցում են միջադեպի մասնակիցների հետ, ինքն էլ հնարավորությունների սահմաններում կաջակցի պատգամավորներին:

«Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ պահանջեցին պաշտոնանկ անել Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին եւ դեպքերին անմիջական մասնակցություն ունեցած փոխգնդապետ Ավետիսյանին:

Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի հրահանգով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքները կհրապարակվեն ոստիկանության կայքէջում: Եթե լինի դժգոհություն կամ խնդիրներ, հարցը լրացուցիչ կքննվի վարչապետի հետ:

Միջադեպի կապակցությամբ ավելի ուշ տարածած հաղորդագրությունում «Ժառանգություն» կուսակցությունը «դատապարտում է իշխանությունների հրահանգով ոստիկանների ձեռնարկած սանձարձակությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում «Ժառանգության» վարչության անդամների եւ պատգամավորների հանդեպ, պահանջում է քրեական գործ հարուցել օրինազանց ոստիկանների ու նրանց համապատասխան հրահանգներ տված պետական պաշտոնյաների նկատմամբ»:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում էլ ասվում է, որ բողոքող քաղաքացիները եւ պատգամավորները խախտել են հասարակական կարգը:

«ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն եւ ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսեւորած անձանց կարգի հրավիրելուն», - նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: