Կոալիցիան մերժում է ընդդիմության վերջնագիրը

Հայաստան -- Կոալիցիոն ուժերի առաջնորդները նշում են նոր հուշագրի ստորագրումը, 17-ը փետրվարի, 2011թ.

Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը անընդունելի են համարում մարտի 1-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքում Հայաստանի իշխանություններին ներկայացված վերջնագիրը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժգոհում է ընդդիմության առաջարկած երկխոսության պայմաններից եւ պահանջներից:

«Երկխոսության ձեւը այդպես չէ. պարզապես դիմում են շատ հանգիստ, քաղաքական, ցիվիլ ձեւով եւ նստում ենք երկխոսության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ընդգծեց, թե իրենք տեղյակ են, որ հասարակության մեջ բողոքներ կան սոցիալական եւ մարդու իրավունքների ոլորտում: - «Իշխանությունները պիտի կարողանան հնարավորինս փորձել լուծումներ գտնել», - ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով. - «Իսկ ինչ վերաբերում է այդպես հաթաթա տալով խոսելուն, այդ լեզվով պատշաճ չէ խոսել քաղաքական թիմերի հետ»:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը այն կարծիքին է, որ Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին պետք է ունենալ քաղաքացիական համերաշխության եւ քաղաքական հիմնական ուժերի միջեւ երկխոսության մթնոլորտ` այդ ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու համար:

Այդուհանդերձ, Սաֆարյանը հայտարարեց. - «Բայց թող ոչ ոք չկարծի, որ այդ երկխոսությունը կարելի է վերածել ճնշման եւ ուլտիմատումների լեզվի»:

Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը ընդդիմության հնչեցրած 15 կետերի մասին ասաց` «չեմ կարող ասել պահա՞նջ է, վերջնագի՞ր է, առաջարկությո՞ւն է»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահը, սակայն, ընդգծեց. - «Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չեմ հիշում մի դեպք, այդ թվում` երբ այժմյան ընդդիմությունն էր իշխանության մեջ, որ վերջնագրերով, կամ հստակ պահանջներով խոսեն իշխանության հետ»:

Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ եթե ընդդիմության ներկայացրածը «առաջարկություն» է, ցանկացած առաջարկ, ցանկացած քաղաքական ուժի կողմից քննարկման առարկա կդառնա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը կատարել ընդդիմության առաջնորդի ներկայացրած պահանջները մինչեւ Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը՝ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը փոխանցեց, թե որեւէ մեկնաբանություն չի ներկայացնում: