«Ադրբեջանի արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումը»

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը (ձախից) իր հավատարմագրերն է հանձնում Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Նյու Յորք, 10--ը սեպտեմբերի, 2009թ.

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում` որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի հղած նամակը:

«Նամակում՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից շարունակվող ամոթալի քարոզչությունը եւ ապատեղեկատվության տարածումը՝ մասնավորապես նշվում է, որ փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «անօրինական օկուպացման» մասին` առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել այդ «օկուպացմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում: - «Իրականում, դրան նախորդել է Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին եւ օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը, Ադրբեջանի իշխանությունները սանձարզերծեցին լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ եւ ի վերջո` պատերազմ: Միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործած անթիվ ոճրագործությունները եւ սարսափելի վայրագությունները»:

«1988 թվականի փետրվարին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ սահմանադրական պահանջին՝ կիրառելու ինքնորոշման իր իրավունքը, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որն էլ իրականացրեց հայերի ջարդը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որին հետեւեցին խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած դատավարությունները: Ադրբեջանն իր անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո ազատ արձակեց դատապարտված մարդասպաններին` հրապարակայնորեն նրանց հռչակելով ազգային հերոսներ», - ասված է ՄԱԿ-ում տարածված փաստաթղթում:

Դեսպանի նամակում նշվում է նաեւ, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազնակերպությունների զեկույցները վկայում են, որ սումգայիթյան իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին. - «1988-1991 թվականներին Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում իրականացված ջարդերն ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին, որոնք հանգեցրին էթնիկ զտումների եւ շուրջ կես միլիոն հայերի տեղահանմանը»:

Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի եւ բարձր պաշտոնատարների կողմից այսօր շարունակվում են ռազմատենչ կոչերը եւ ելույթները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

«Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար եւ միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը, էլ ավելի սրում արդեն իսկ լարված իրավիճակը», - ընդգծել է Կարեն Նազարյանը: - «Արդյունքում, զոհված զինծառայողներին նախագահ Ալիեւի կողմից շնորհվում են հերոսի կոչումներ ու նոր պատերազմի համար աջակցություն ստանալու նպատակով հասարակության շրջանում խրախուսվում են թշնամական եւ պատերազմական տրամադրություններն ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի»:

«Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու դժվարեցնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը», - Բան Կի-մունին գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: