Դատարանը վճռեց կալանք կիրառել պատգամավորի եղբոր նկատմամբ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ երեկոյան որոշեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը:

Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության քննիչը:

Արաբկիրի թաղապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է փետրվարի 23-ին: Նրա` անազատության մեջ գտնվելու 72 ժամը լրանում է վաղը կեսօրին, եւ դատարանը պարտավոր է մինչ այդ կայացնել որոշում խափանման միջոց ընտրելու կապակցությամբ:

Համաձայն Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Տիգրան Փոստանջյանը, ով հանրային ծառայող է, կասկածվում է 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Նա նախօրեին հայտարարություն էր հասցեագրել միջազգային կառույցներին, որտեղ նշել էր, թե իր դեմ հարուցված քրեական գործը քրոջ` Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդման արդյունք է: