Կալանավայրում գտնվող ընդդիմադիր Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել

Ընդդիմադիր երիտասարդները պահանջում են ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչներին, 06 ապրիլ, 2010

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեն տեղեկացնում են, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, Ռոման Մնացականյանը այս կերպ բողոքի ձայն է բարձրացնում իր նկատմամբ կալանքի ռեժիմի խստացման դեմ եւ պահանջում է իրեն «Վանաձոր» քրեակատարողական փակ հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ընդդիմադիրը ի սկզբանե իր պատիժը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում էր կրում: Բայց շուրջ 6 ամիս առաջ կարգապահական տույժի ենթարկելով` նրան Վանաձորի փակ կալանավայր են տեղափոխել: Ընդդիմության պնդմամբ, թեեւ տույժերն արդեն մարվել են, բայց Ռոման Մնացականյանին շարունակում են պահել խստացված ռեժիմով:

2008-ի մարտի 9-ին ձերբակալված եւ 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Ռոման Մնացականյանը այս տարվա աշնանը պետք է դուրս գա բանտից: Թեեւ 2009-ի գարնանը հայտարարված համաներումը նրան առաջադրված հոդվածի եւ պատժաչափի վրա տարածվում էր, բայց Մնացականյանն այդպես էլ համաներմամբ ազատ չարձակվեց: Նա ազատ չարձակվեց նաեւ պատժաչափի կեսը կրելուց հետո, ավելին, Մնացականյանի նկատմամբ ռեժիմը խստացվեց:

Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Մնացականյանը տույժեր է ստացել մեծ մասամբ բջջային հեռախոս ունենալու համար:

«Ես չգիտեմ` նա ունեցել է հեռախոս, թե չի ունեցել, բայց գիտեմ, որ կալանավայրում դա շատերի մոտ կա, եւ գիտեմ, որ հսկիչներն իրենք են ներս փոխանցում` երեւի թե համապատասխան վճարի դիմաց: Եթե ցանկություն չունենային, այդ հանցանքի համար նրան տույժեր չէին տա: Ես դա որակում եմ վրեժխնդրություն, Համարբերգի խոսքով ասած` վենդետտա», - ասաց Հարությունյանը` հավելելով, թե դրա պատճառը Մնացականյանի ըմբոստ բնավորությունն է, ով իշխանություններից ներում չի հայցել:

Իրավապաշտպանը ընդգծեց, որ համաներմամբ ազատ արձակվածների շարքերում կային ընտրությունները կեղծելու, խուլիգանության համար դատապարտվածներ, նույնիսկ սպանության մեջ մեղադրվողներ: Օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի 43-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Սեդրակյանն ազատ արձակվեց համաներմամբ: Նա ձերբակալվել էր կուսակցական ընկերոջ` Կարեն Հակոբյանի սպանության առնչությամբ:

«Ռոման Մնացականյանը քաղբանտարկյալ է, բառիս ամենաիսկական իմաստով: Նա չպետք է լիներ բանտում: Նա բանտում է հայտնվել իշխանության կամայականությունների արդյունքում, 2 ոստիկանի տված սուտ, կեղծ ցուցմունքների արդյունքում: Իշխանություններն ուղղակի Ռոմանի նկատմամբ հատուկ չարակամություն ունեն», - ասաց իրավապաշտպանը` հավելելով, թե իշխանությունները նման վերաբերմունք ունեն եւս 2-3 ընդդիմադիրի, մասնավորապես, Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Մնացականյանի գործով գանգատ է ուղարկված նաեւ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրությունում հաստատվում է, որ Մնացականյանը փետրվարի 22-ին հացադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին:

«Դիմումն ընդունվել է եւ տրվել է համապատասխան ընթացք, որի համաձայն դատապարտյալը գտնվում է բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո, առողջական վիճակը լավ է», - ասվում է հաղորդագրությունում:

Քրեակատարողական վարչության հիմնավորմամբ` Մնացականյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել այն պատճառով, որ նախկինում ենթարկվել է թվով 7 կարգապահական տույժի, այսինքն` «թույլ է տվել չարամիտ խախտումներ»: Միաժամանակ քրեակատարողական վարչությունը նշում է, որ «դատապարտյալը չի խնդրել իրեն տեղափոխել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ»:

«Քրեակատարողական ծառայությունում դատապարտյալից նման խնդրանքով որեւէ դիմում չի ստացվել: Բացի դրանից, այս պահին անհնար է դատապարտյալին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ տեղափոխել, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկը նախատեսված չէ պատժի կրման փակ տեսակի համար»,- նշված է քրեակատարողական վարչության տարածած պարզաբանման մեջ:


Your browser doesn’t support HTML5

Կալանավայրում գտնվող ընդդիմադիր Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել