Հայկական հերթական հանցախմբի բացահայտումը մտահոգել է ամերիկահայերին

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը ասուլիս է տալիս Երեւանում, 8-ը հուլիսի, 2010թ.

«Ամերիկահայերը մտավախություն ունեն, թե երկրի ներսում հայկական համայնքի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել այն բանից հետո, երբ իրավապահները հայտարարեցին հերթական հայկական հանցավոր խմբավորումը բացահայտելու մասին», - գրում է Glendale News Press պարբերականը։
Չորեքշաբթի օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարեց, թե իրավապահները բացահայտել եւ ձերբակալել են «Հայկական ուժ» կոչվող հանցավոր խմբավորման 74 անդամների, որոնք մեղադրվում են Միացյալ Նահանգների տարածքում տասնյակ հանցագործություններ կատարելու մեջ` դրամաշորթություններից, բանկային մեքենայություններից մինչեւ մարդկանց առեւանգում ու թմրամիջոցների ապօրինի տարածում։ Իրավապահների մոտավոր հաշվարկներով` «Հայկական ուժը» տարիների ընթացքում ավելի քան 20 միլիոն դոլարի վնաս է հասցրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հարյուրավոր մարդիկ ենթարկվել են բռնությունների եւ սպառնալիքների։

«Իրավապահների այս բացահայտումները մտահոգություններ են առաջ բերել հատկապես Գլենդեյլում, որտեղ բնակչության մոտ 40 տոկոսը հայեր են», - գրում է Glendale News Press-ը` մանրամասնելով. - «Շատերի համոզմամբ, տեղացիների բացասական վերաբերմունքն իրենց հանդեպ անխուսափելի է»։

«Չպետք է սակայն մոռանալ, որ բազմաթիվ աշխատասեր հայեր օգնել են, որ այս քաղաքը դառնա այնպիսին, ինչպիսին որ կա հիմա... Եվ ինչպես ցանկացած տեղ եւ ցանկացած համայնքում` կա ե'ւ վատը, ե'ւ լավը», - թերթին ասել է Գլենդեյլի քաղաքապետարանի աշխատակից Արդ Քասախյանը` ավելացնելով. - «Հույս ունենք, որ մարդիկ չեն օգտագործի այս միջադեպը` քաղաքային համայնքը երկու մասի բաժանելու համար»։

Դրական գնահատելով իրավապահների գործադրած ջանքերը` Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը նույնպես ընդունել է, որ տասնյակ հայերի ձերբակալությունը կարող է բացասաբար անդադառնալ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա: «Այսօրինակ պատմությունները է'լ ավելի են ամրապնդում հասարակության մեջ հաստատված բացասական կարծրատիպերը», - ասել է քաղաքապետը։

«Եթե մենք ուզում ենք իսկապես պայքարել ավազակախմբերի դեմ, ապա պետք է վերականգնենք երիտասարդությանը հասցեագրված սոցիալական ծրագրերը», - իր հերթին, կարծիք է հայտնել Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արա Արզումանյանը` ընդգծելով. - «Երիտասարդներից շատերը, որոնք ձգտում են ներգրավվել հանցավոր խմբավորումներում, գալիս են կարիքավոր ընտանիքներից կամ այլ սոցիալական խնդիրների ունեն: Այնպես որ, չառաջարկելով նրանց որեւէ ծրագիր` դպրոցն ավարտելուց հետո, մենք քիչ բան կարող ենք անել նրանց ճանապարհը հանցավոր աշխարհից շեղելու համար»։

Ավելի քան 200-էջանոց քրեական գործի համաձայն` «Հայկական ուժ» հանցավոր խմբավորումը առանձնացել է մյուսներից հատկապես բարձր տեխնիկական հագեցվածությամբ ու ունեցել է տասնյակ երիտասարդ անդամներ, որոնք հրաշալի տիրապետել են համակարգչային սարքավորումներին։