ԱՄՆ-ի իրավապահները հայտնում են հայկական եւս մեկ խոշոր հանցախմբի բացահայտման մասին

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի լոգոն

Միացյալ Նահանգների իրավապահները հայտարարել են Armenian Power («Հայկական ուժ») անվամբ հայ - ամերիկյան խոշոր հանցախմբի շուրջ ութ տասնյակ անդամների ձերբակալման մասին, եւս երկու տասնյակ կասկածյալներ մնում են ազատության մեջ:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ձերբակալությունները իրականացվել են Կալիֆորնիա, Կոլորադո եւ Ֆլորիդա նահանգներում:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնական Լենի Բրոյերը հայտարարել է, թե խմբի անդամները մեղադրվում են այդ նահանգներում իրականացված մի քանի հարյուրի հասնող հանցագործությունների մեջ` շորթումից մինչեւ առեւանգումներ ու փողերի լվացում:

Իր հերթին, ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Ջոն Գիլիսը ասել է, թե «եվրասիական հանցավոր խմբերի» վնասազերծումների շարքում այս մեկը ամենախոշորն է:

Նշվում է նաեւ, որ խումբը կապեր է ունեցել Ռուսաստանի ու Հայաստանի հանցախմբերի հետ:

Associated Press լրատվական գործակալության վկայությամբ, Armenian Power հանցախումբը ստեղծվել է 1980-ականներին Լոս Անջելեսում` Արեւելյան Հոլիվուդում, իսպանախոսների հանցախմբերից պաշտպանվելու համար:

Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում ձերբակալվել էին հայկական մեկ այլ հանցախմբի անդամներ, որոնց գլխավորում էր «Պզո» մականունով 46-ամյա Արմեն Ղազարյանը: