Տիգրան Կարապետյանը «հանրային պահանջագիր» է ներկայացնում նախագահ Սարգսյանին

Your browser doesn’t support HTML5

«ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեքշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում 17 կետերից բաղկացած «հանրային պահանջագիր» ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին:

Պահանջագրում շարադրված քաղաքական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների գոնե կեսը առաջիկա երկու շաբաթներին չիրականացնելու դեպքում Տիգրան Կարապետյանը սպառնաց «կարմիր քարտ» ներկայացնել իշխանություններին:

Ժողովրդական կուսակցությունը պահանջում է ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին, կանխել գնաճը, թույլ չտալ գազի, էլեկտրաէներգիայի, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում, սառեցնել բանկերում օրեցօր աճող տոկոսադրույքները, վերացնել արտագաղթի պատճառները, ապահովել ներգաղթի պայմաններ:

«Հանրային պահանջագիրը» նախ ընթերցվեց հանրահավաքի սակավաթիվ մասնակցիների համար, այնուհետեւ, ԺԿ պատվիրակների միջոցով փոխանցվեց նախագահական նստավայր:

Հանրահավաքի, կամ իր ձեւակերպմամբ` «բացօթյա համաժողովի» հենց սկզբում հնչեցրած ելույթում Տիգրան Կարապետյանը խոսեց իր դեմ «ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից սկսված արշավի մասին»: Ասաց` երկրում չկա ժողովրդավարություն, իրավական պետություն, ունենք միայն «բիրտ իշխանություն»:

Իսկ հավաքից հետո` լրագրողների հետ զրույցում, Տիգրան Կարապետյանը հերքեց իր, եւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համագործակցության մասին լուրերը` հայտարարելով, որ վերջին անգամ նախագահական նստավայրում է տեսել Ծառուկյանին` ամանորյա ընդունելության ժամանակ:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով իր ղեկավարած հեռուստաընկերությանը` ԱԼՄ-ին հեռարձակման լիցենզիա չտրամադրած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) պատասխանատվության կանչելու ծրագրերին, Կարապետյանը հայտարարեց. - «Ես Սերժ Սարգսյանին եմ կանչելու դատական նիստին: ՀՌԱՀ-ը ընդամենը կատարող է»:

Տիգրան Կարապետյանը նաեւ խոսեց հանրահավաքի մասնակիցների սակավաթիվ լինելու մասին, ասելով` «նորմալ է, համաժողով է, հանրահավաք չէ»:

«Այնքան կռռացին, որ ճանապարհները փակել են: Այսօր մեր ընկերները չկարողացան գալ Դվինից, Արտաշատից, Մասիսից, Արմավիրի մարզից», - շարունակեց Ժողովրդական կուսակցության առաջնորդը` հույս հայտնելով, որ հաջորդ հանրահավաքին` փետրվարի 28-ին, իրենց ողջ ներուժով կասեն այն, ինչ պետք է վաղուց ասած լինեին` «այսպես չի կարելի ապրել»:

Հանրահավաքից հետո Ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կուսակցության պահանջագիրը անձամբ ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ խոստացել է ընթացք տալ դրանց: