Փետրվարի 15-ի մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը «Թամաշան շարունակվում է» վերնագրի ներքո անդրադառնում է ԲՀԿ համագումարին հաջորդած զարգացումներին. - « Ի վերջո, այս հորինված կամ ճշմարտացի հակամարտությանը պետք է նայել մեն մի դիտանկյունից՝ որքանով է այն օգտակար Հայաստանի Հանրապետությանը, հասարակական առաջընթացին, երկրի դեմոկրատացման պրոցեսին: Եթե ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը նպաստելու է մեր զարգացմանը, հասարակական համաձայնության, դեմոկրատական ինստիտուտների կայացմանը, ապա թող դա կայանա: Եթե կոալիցիայում մնալով՝ ԲՀԿ-ն ներսից է պայքարելու եւ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտից երկիրը շահելու է՝ թող մնա: Վախենամ՝ ոչ մնալն է նպաստելու, ոչ դուրս գալը: Եվ մենք զբաղված ենք սիզիփոսյան աշխատանքով, որը ոչնչի չի հանգեցնելու, ոչ մի տեղ չի տանելու: Եվ այդ աշխատանքով զբաղված են ոչ միայն երկու քաղաքական ուժ՝ տասնյակ հազարավոր անդամներով, այլ նաեւ մենք՝ լրագրողներս, քաղաքագետները, ընթերցողներն ու այս պրոցեսին թամաշա անող քաղաքացիները: Պարապ մարդիկ եւ պարապ հասարակություն»:

Առավոտի խմբագիրը ներկայացնում է ներիշխանական համաձայնությունների խորքային բնույթը. - «Որ Հայաստանի նախագահը վերջնագիր է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին` «կամ հայտարարիր, որ պաշտպանելու ես ինձ 2013-ի ընտրություններում, կամ դուրս արի կոալիցիայից, ես քիչ հավանական եմ համարում: Դա, որքան հասկանում եմ, Սերժ Սարգսյանի աշխատաոճը չէ: Բայց խնդիր կա, եւ դրա էությունը հետեւյալն է: Լինել կոալիցիայում նշանակում է ունենալ լծակներ` ա/վարչական` ի դեմս կուսակցական պաշտոնյաների եւ բ/նյութական` ի դեմս կուսակցական եւ «կուսակցամետ» գործարարների: Լինել կոալիցիայից դուրս` նշանակում է գրեթե չունենալ այդ լծակները: Ասում եմ «գրեթե», որովհետեւ իշխանությունը Դաշնակցությանը թողել է որոշակի լծակներ (այդ թվում` գործարար պատգամավորներին եւ հանրապետական սփռման հեռուստաալիքը)` դրանով իսկ ընդգծելով, որ ՀՅԴ-ն եթե նույնիսկ ընդդիմություն է, ապա` ոչ վտանգավոր: Առանց վերոհիշյալ լծակների խորհրդարանում քիչ թե շատ ներկայացուցչական խմբակցություն ունենալ հնարավոր չէ: Հիմա պատկերացրեք, որ ԲՀԿ-ն, մնալով կոալիցիայում եւ օգտագործելով դրա բոլոր առավելությունները, հաջողությամբ է «հանդես գալիս» խորհրդարանական ընտրություններում, իսկ հետո հայտարարում է, թե նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանին: Կարո՞ղ է դա մտահոգել ՀՀԿ-ին եւ ՀՀ նախագահին», - այսպիսի հարց է հնչեցում «Առավոտ»-ի խմբագիրն ու ինքն էլ պատասխանում. - «Իհարկե, կարող է»:

«Երկիր» թերթը վերջին իրողությունների համատեքստում գնահատում է կոալիցիոն երրորդ գործընկերոջ` «Օրինաց երկիր» կուսակցության դրությունը. - «Որքան ԲՀԿ-ն դիմակայում է Սերժ Սարգսյանի ճնշումներին, այնքան արժեզրկվում է ՕԵԿ-ը: Բայցի այս անորոշությունից, ցանկացած այլ լուծում կարող էր բխել այս կուսակցության շահերից: Եթե ԲՀԿ-ն վաղաժամկետ հավատարմության երդում տար նախագահին, ապա այս երկու կոալիցիոն ուժերը կհայտնվեին հավասար կարգավիճակներում. ՕԵԿ-ի խղճուկությունն այնքան էլ զգալի չէր լինի: Իսկ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու դեպքում, ՕԵԿ-ը ոչ միայն նոր պորտֆելներ ու լծակներ ձեռք բերելու, այլեւ ՀՀԿ-ի մոտ իր թանկացնելու հնարավորություն կունենար», - կարդում ենք օրաթերթում:

«Հայոց աշխարհ» թերթին հարցազրույց է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Թերթը հարցնում է. - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը այլընտրանքային Ընտրական օրենսգրքի նախագիծ է պատրաստվում ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Որքանո՞վ է դա ռեալ»: Այս հարցին Ազարյանը պատասխանում է. - «Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումներին ծանոթացանք անցյալ նոյեմբերին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ընթացքում: Այն ժամանակ մի նախագիծ էին ներկայացրել, որը մեր հանձնաժողովի անդամներից մեկը մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատել է իշխանական կոալիցիայի մշակած եւ օրերս Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը ուղարկված նախագծի հետ: Գուցեեւ զարմանալի թվա, բայց կոալիցիոն նախագծում առկա տառասխալներն անգամ «Ժառանգության» նախագծում նույնությամբ կրկնվում են: Հետեւաբար ներկայացված այլընտրանքային նախագիծը մեծ մասամբ կոալիցիոն կուսակցությունների համատեղ մշակած նախագծի պարզ արտատպությունն է, գուցե մասնակի լրացումներով կամ փոփոխություններով: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնապես ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի գոնե մի մեծ մասին «Ժառանգությունը» համամիտ է, բայց այդ մասին հայտարարելու քաղաքական համարձակություն չունի»:

Your browser doesn’t support HTML5

Փետրվարի 15-ի մամուլ